Արմավիր քաղաքն ու Նորապատ համայնքը միմյանց կապում է Արմավիրի Հարավկովկասյան երկաթուղին: Երկաթգծի հարևանությամբ գտնվող շուկայում Արմավիրի մարզի տարբեր համայնքների գյուղացիներն ամբողջ տարին վաճառում են իրենց գյուղմթերքը: Մարդկանց եռուզեռ դեպի շուկա միշտ կա, իսկ շուկայի հարևանությամբ բնակելի բազմաբնակարան շենքեր են: Այդ տարածքում հայտնվելու համար կա երեք ճանապարհ. առաջինը` մուտքը Նորապատ համայնքի կողմից, երկրորդը` երկաթուղում կայանված գնացքների տակով կամ վրայով, երրորդն էլ` պարզապես երկաթգծերով: Երկաթուղու տարածքում դեռ սովետական տարիներին կառուցվել է գետնանցում, որն արդեն երկար տարիներ վերածվել է աղբանոցի, ու դեռ ավելին` գետնացման մուտքերը ցանկապատված են:
Արդյունքում գետնանցումը չի սպասարկվում, քաղաքացիներն էլ ստիպված վտանգում են իրենց կյանքը: Արդեն մի քանի օր է երկաթուղում կայանված են գնացքներ, որոնք զինավարժանքների անցկացման համար զինծառայողներին տեղափոխել են Արմավիրի մարզ: Սրան զուգահեռ նաև գյուղմթերքների վաճառքի ամենաակտիվ շրջանն է, հետևաբար ծանր գնումներով լի պարկեր, տարբեր տարիքային խմբերի մարդիկ օրվա ցանկացած պահին հայտնվում են գնացքի տակ կամ վագոնների վրա` երկաթգիծն անցնելու նպատակով:
Գետնացման խնդրի շուրջ մի քանի անգամ փորձել ենք պատկան մարմիններից պարզաբանումներ ստանալ, սակայն մինչ օրս մեկը մյուսի պատասխանատվությունն ու իրավունքներն է առաջ քաշում: Արդյունքում մարդիկ շարունակում են վտանգել իրենց կյանքը, իսկ խնդիրը` մնում անլուծելի: