Հրդեհների առաջացման պատճառները շատ են և բազմապիսի, սկսած կայծակներից և պայթյուններից, վերջացրած Էլեկտրական կարճ միացումներով,հրդեհային անվտանգության կանոնների խախտումներով և կենցաղային էլեկտրական սարքերի անսարքություններով:Բոլորին հայտնի է,թե ինչի է ընդունակ հրդեհ կոչվող չարիքը: Հաշված րոպեների ընթացքում այն կարող է մոխիր դարձնել մարդկանց ունեցվածքը`պատճառ դառնալով նյութական խոշոր կորուստների,իսկ երբեմն էլ`մարդկային զոհերի և վնասվածքների:
Գարնանը նկատվում է հրդեհների որոշակի աճ, հիմնականում հողամասերի մաքրման աշխատանքների ժամանակ, երբ անտեսվում են հրդեհային անվտանգության կանոնների տարրական պահանջները:Քաղաքային և հատկապես գյուղական բնակչության կողմից, կարծես, ընդունված ձև է դարձել հավաքված խոտի, ճյուղերի մնացորդների ոչնչացումն այրման միջոցով:Ինչ խոսք,միջավայրի սանիտարական մաքրության պահպանությունը կարևոր խնդիր է,սակայն այդ ամենը կարելի է անել անվտանգ և թույլատրելի ձևերով:
Մինչդեռ, մեր բնակիչների մի ստվար մասը հողագործական աշխատանքների ընթացքում հավաքված աղբն այրում է որտեղ պատահի և թողնելով գարնանային քամու և երեխաների քմահաճույքին, հանգիստ խղճով հեռանում: Արդյունքում կրակը հսկողությունից դուրս մնալով անարգել տարածվում է և ընդհուպ մոտենալով բնակելի հատվածին՝ իրական սպառնալիք ստեղծում:
Անցանկալի դեպքերից խուսափելու համար Արմավիրի մարզային հրդեհային և տեխնիկական անվտանգության տեսչությունն առաջարկում է չոր խոտի, տերևների, ճյուղերի մնացորդների ոչնչացման համար շինություններից, անտառային զանգվածներից անվտանգ հեռավորության վրա առանձնացված տեղեր հատկացնել, կամ ամբողջ մակերեսը ծածկել հողի բարակ շերտով: Որպես կանոն, քամու առկայության պայմաններում, ընդհանրապես արգելվում է այրում կատարելը:Քիչ կարևոր չէ երեխաներին հսկելը, որպեսզի նրանք չխաղան կրակի հետ, առավել ևս խոտի դեզերի,չոր խոտածածկի կամ հեշտ բռնկվող այլ վայրերի մոտ:
Ահա,թե ինչի են բերում,վերոհիշյալ նախազգուշական միջոցների չկատարումը:
2015թ.Արմավիրի տարածաշրջանի Արաքս գյուղում խոտի դեզ բռնկվեց:
Պարզվեց,որ սեփականատիրոջ զարմիկը լուցկով այրել էր չոր մոլախոտերը և կրակը քամու միջոցով անցել էր խոտի դեզին:
Նույն 2015թ.-ին Էջմիածին քաղաքի նախկին ծաղկաբուծական
տնտեսության տարածքի սեփականատերերը չէին մաքրել իրենց պատկանող հողատարածքների շրջակայքում աճած չոր խոտածածկը: Ճանապարհով անցնող պատահական անցորդի գցած չմարած ծխախոտի հետևանքով բռնկված հրդեհը,որը ոչնչացրեց պոլիեթիլենով պատած ջերմոց`պատճառեց 550000 դրամի նյութական վնաս:

Դաշտ գյուղի բնակչուհին մաքրման նպատակով այրում է իր տնամերձի շրջակայքի չոր խոտածածկը և թողնելով առանց հսկողության հեռանում է: Կրակը տարածվելով հասնում է տնամերձում տեղադրված տնակին և այրում այն:
Արմավիրի մարզային հրդեհային և տեխնիկական անվտանգության տեսչությունը, կոչ է անում մարզի բնակչությանը, զգոն լինել հրդեհային երևույթների հանդեպ և լրջորեն վերաբերվել հրդեհային անվտանգության կանոնների պահպանությանը:

ՀՀ ՏԿԱԻՆ Արմավիրի մարզային հրդեհային և
տեխնիկական անվտանգության տեսչություն