Արմավիրի մարզում շարունակվում է խաղողի, ավարտվել է կարտոֆիլի մասսայական բերքահավաքը: Առանձնացնելով խաղողն ու կարտոֆիլը, պետք է նկատենք, որ երկուսի դեպքում էլ խնդիրը բուժանյութն է, միայն թե մի դեպքում թունաքիմիկատը կա, բայց անորակ է, մյուսի դեպքում՝ համապատասխան թունաքիմիկատը չկա: Սկսենք խաղողից, բերքն առատ է, տեսքը՝ վաճառքի համար հարմարեցված, ինչու հարմարեցված, որովհետև շուկայի համար հավաքած խաղողը ենթարկվում է հատուկ մշակության, այն է՝ հեռացնել վնասված կամ, ինչպես գյուղացին է ասում, փչացած հատիկները, բերել նորմալ տեսքի, ապա հանել վաճառքի: Հիմա հասկանանք, թե ինչու է փչանում խաղողի հատիկները: Փշատավանցի Հովհաննեսը խաղողի մշակության բոլոր գաղտնիքներին ու ձևերին է տիրապետում, վստահեցնում է, դեռ մանկուց է հմտացել խաղողագործության մեջ: Ասում է առատ բերք ստանալու բոլոր նախապայմանները ստեղծում է, ժամանակին այգին ծածկում, բացում, էտում, ոռոգում, պարարտացնում ու բուժում: Հենց վերջինն էլ գլխավոր պատճառն է խաղողի նեխման համար: Ըստ Հովհաննեսի, խաղողի այգիներում տարածված հիվանդության, այն է՝ որդերի դեմ պայքարի բոլոր միջոցառումներն իրականացրել է: Եթե պետք էր շաբաթական մեկ բուժում, ապա ինքը երեք բուժում է կատարել, բայց օգուտ չի տվել, թունաքիմիկատն է անորակ եղել: Այլ բացատրություն երևույթին չի կարող տալ: