Տանձուտ համայնքի բուժհաստատության շենքը 2006 թվ-ին վթարային է ճանաչվել: Բուժամբուլատորիայի տնօրեն Անահիտ Բեգլարյանը շենքային պայմանների մասին բազմիցս ահազանգել է տեղական ու մարզային իշխանություններին, սակայն ոչինչ չի փոխվել: Բուժամբուլատորիայի տնօրենը միայն հիշում է, որ մի քանի տարի առաջ մասնագետներ են եկել, նայել ու որոշել, որ շենքը վերակառուցելն անիմաստ է և նոր բուժամբուլատորիա կառուցելու անհրաժեշտություն կա:
Բեգլարյանն անցած տարի խնդրով կրկին Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանին է դիմել: Ըստ նրա, մարզպետը խոստացել է նոր բուժամբուլատորիա կառուցելու հարցը ծրագրում ներառել: Կրկին ոչինչ չի փոխվել: Տանձուտի գյուղապետ Մխիթար Պետրոսյանն էլ վստահեցրեց, որ բուժամբուլատորիայի մասին բազմիցս դիմել է Արմավիրի մարզպետարան, սակայն պատասխանը հուսադրող չի եղել: Ըստ գյուղապետի, հարցը որևէ ծրագրում ներառված չէ, իսկ գյուղապետարանի փոքրիկ բյուջեով ոչ վերանորոգում կարող են իրականացնել, ոչ էլ՝ նոր շենք կառուցել:
Տանձուտի ամբուլատորիայի աշխատակազմը կանգնած է լուրջ խնդիրների առջև. շենքում ջուր չկա, ջեռուցման համար միջոցներ չկա: Այդ պատճառով ձմռանը կոլեկտիվը հավաքվում է մեկ սենյակում: Անհրաժեշտության դեպքում, այսինքն պատվաստումների օրերին, միայն տաքացնում են մանկական սենյակը, իսկ ընթացիկ բուժզննման համար երեխաներին ծնողները տանում են հիմնականում մանկական բժշկուհու տուն: