Արմավիրի սահմանամերձ գյուղերից Բերքաշատ համայնքն իր մշակելի հողատարածքներով այնքան էլ մեծ չէ, 219 հեկտար գյուղնշանակության հողատարածք ունի: Բայց հողագործությամբ զբաղվելու ամենամեծ խնդիրը հենց Բերքաշատում է: Հողատարածքների 140 հեկտարը, այսինքն՝ մոտ 80 տոկոսը, գտնվում է սահմանային գոտում, իսկ այստեղ այգիների կամ բանջարբոստանային կուլտուրաների մշակությամբ զբաղվելն արդեն լուրջ ու պատասխանատու գործ է: Առաջին հերթին Բերքաշատը գյուղտեխնիկայի խնդիր ունի, երկրորդ հերթին գյուղտեխնիկան հարևան համայնքներից խնդրել-բերելու խնդիր ունի, և երրորդ ու ամենամեծ խնդիրն այն է, որ տեխնիկան սահմանային գոտի մտցնելու և անհրաժեշտ աշխատանքը կատարելու դժվարություններ ունի: Սա, ըստ Բերքաշատի գյուղապետի տեղակալ Վրեժ Եղիկյանի, խնդիրների խնդիրն է: Ժամանակին, բացի գյուղացիներից, այլ անձանց մուտքը սահմանային գոտի երաշխավորել է գյուղապետարանը կամ, այսպես ասած, գյուղապետը: Հիմա կարգերը փոխվել ու բերքաշատցին պատնեշի առաջ է կանգնել: