Արմավիրի մարզում այս տարվա կարկուտը 50-60 տոկոսով կրճատեց սպասվող բերքը: Բնական աղետից զերծ մնացած համայնքների գյուղացիական տնտեսությունների մոտ կարծիք ձևավորվեց, որ իրացման խնդիր չեն ունենա և նույնիսկ կարող են գին թելադրել: Ընդհանրապես գյուղմթերքի իրացման պատկերն ավելի տեսանելի է ծիրանի բերքահավաքի ժամանակ, և դրանից ելնելով, կարելի է գնահատական տալ:
Արդեն մեկ շաբաթ է սկսվել է ծիրանի բերքահավաքը: Այդ կապակցությամբ Արմավիրի մարզի Վանանդ գյուղում գտնվող «Նոյան» ընկերության արտադրամաս էր ժամանել գյուղնախարար Սերգո Կարապետյանը և անձամբ հետևում էր մթերման գործընթացին: Չնայած որ ծիրանի արտաքին տեսքը կարկուտի պատճառով վնասվածքներ ուներ, սակայն, ընդառաջ գնալով գյուղացիական տնտեսություններին, ծիրանն առաջին օրը մթերվեց կիլոգրամը 50 դրամով: Ասել, թե 50 դրամն այն գումարն է, որ կհատուցի գյուղացու կատարած ծախսերը, սխալված կլինենք: Բայց քանի որ ծիրանը վնասվածքներով է և ընկերությունը լավություն անելով է 50 դրամով մթերում, կարելի է ասել, որ դա էլ տուժած գյուղացիների համար օգնություն է:
Նախարարը դեռ չէր հասցրել մարզից մայրաքաղաք հասնել, երբ «Նոյան» ընկերության մուտքի մոտ սկսեցին հերթեր գոյանալ: Ավանդույթի համաձայն արհեստական հերթեր գոյացնելը մթերման գինը նվազեցնելու նպատակ է հետապնդում, չնայած որ ընկերությունը խոստացել է 3 հազար տոննա ծիրան մթերել:
Մթերման երկրորդ օրը ընկերությունը գյուղացիական տնտեսություններին առաջարկեց 40 դրամ մեկ կիլոգրամի համար, իսկ երրորդ օրը մթերման գինը նվազեց ևս 10 դրամով:
Իշխանությունների հայտարարություններում, որ գյուղացին մթերման խնդիր չի ունենա, բացակայում է գյուղացու համար մի շատ կարևոր գործոն՝ մթերման գինը: Արդյո՞ք 30-50 դրամով ծիրան մթերելը նշանակում է մթերել: Մասնագետների հաշվարկով կիլոգրամը 70 դրամով ծիրան վաճառելու պարագայում գյուղացին հազիվ կարող է կատարած ծախսերը փակել, դրանից էժան գինը նշանակում է վերացնել ծիրանի այգիները:
Ամեն տարի այս ժամանակահատվածում, ի թիվս այլ գնորդների, մեծ քանակությամբ ծիրան էին գնում Վրաստանից ժամանած գնորդները: Ի դեպ, վերջիններս մեծ ազդեցություն էին գործում գնային քաղաքականության մեջ: Գյուղացին ապրանքային տեսք ունեցող ծիրանը վաճառում էր 250-400 դրամ, իսկ գերհասունացած և ապրանքային տեսք չունեցող ծիրանը 60-70 դրամով հանձնում էր գործարաններին: Այս տարի մեծ մաքսատուրքի պատճառով հարևան հանրապետությունից գնորդներ չկան, բնական է՝ գնային քաղաքականությունը թելադրում են գնորդները: Շուկան ամբողջ բերքը չի կարող իրացնել, մնում են գործարանները և արտահանող «Սպայկա» ընկերությունը:
Ծիրանը տարբերվում է մյուս պտուղներից նրանով, որ բերքահավաքի համար գյուղացուն ժամանակ չի տրվում. դա ոչ թե օրերի, այլ ժամերի հարց է: Այս հանգամանքը քաջ գիտակցում են նաև գնորդները և իրենց գինն են թելադրում այգեգործներին:
ՌԴ շուկաներում Հայկական ծիրանի կարելի է հանդիպել ներմուծված Միջին Ասիայից, Թուրքիայից, ավելին՝ Արաքսից այն կողմ արդեն տեսանելի են Հայկական ծիրանի մեծ այգիներ: Այնպես, որ ստեղծված պայմաններում ոչ հեռավոր ապագայում Հայկական ծիրանը մեզ համար կդառնա դելիկատես: