Դպրոցական վերջին զանգ: Զանգ, որը խորհրդանշում է հրաժեշտ և միևնույն ժամանակ նոր կյանքի սկիզբ: Շրջանավարտները վերջին զանգի տոնակատարություններին սկսում են նախապատրաստվել դեռ ուսումնական տարվա սկզբից: Դրամահավաքներ, հրաժեշտի խոսքերի պատրաստում, հագ ու կապի, ռեստորանի ընտրություն եւ շատ այլ պայմանավորվածությունների ձեռքբերում: Եվ վերջապես եկավ պահը` պահ հուզմունքի, բարի հուշերի, պար ուրախության և նոր կյանքի ձեւավորման:
Նորաձև, գեղեցիկ և յուրահատուկ արտաքինով, ճոխ սանրվածքով շրջանավարտներ, որոնց նայելիս մի պահ դժվարանում ես ասել, նրանք դպրոցի, թե ԲՈՒՀ-ի շրջանավարտներ են: Եթե տասնամյակներ առաջ, յուրաքանչյուր դպրոցական վերջին զանգին սպասում և պատրաստվում էր հնարավորինս համեստ և դեռ մանկական մտքերով ու քայլերով, ապա այսօր հեղինակության, ամոթի և ճոխության սկզբունքներն են շրջանավարտի մտքում: <<Բա ամոթ չի՞ գեղեցկության սրահ չգնամ, բրենդային խանութներից չօգտվեմ, ի՞նչ կմտածեն դասարանցիներս, վայ, բա ու՞մ խնդրեմ այդ օրը իր ջիպով ինձ դպրոց տանի...>>
Անհեթեթություն թվացող, բայց իրական դեպքեր, իսկ այս ամենի արդյունքում երկու քարի արանքում հայտնվում են ծնողները: Յուրաքանչյուրն իր ունեցած-չունեցած հնարավորությունների շրջանում փորձում է ամեն ինչ անել, որպեսզի այդ օրն իր երեխան մյուսներից հետ չմնա, ոչնչով չզիջի ու իրեն վատ չզգա: Թող ուրախանան, առջևում լարված օրեր են, քննական շրջան, ասում են ծնողները: Դե իսկ զավակի համար նախագծած լավ և փայլուն ապագայի պատկերը կընդգծվի ապագայում: