Հայաստանում գործող բանկերի առաջարկած վարկերի բարձր տոկոսադրույքները չէին կարող առանց հետևանքների մնալ: Բնական է, որպես կանոն, այդ տոկոսադրույքների հետևանքներն իր մաշկի վրա պետք է զգար առաջին հերթին հասարակության խոցելի զանգվածը:
Որքան էլ որ խոսվեն այս կամ այն բնագավառի տնտեսական աճի թվային ցուցանիշների մասին, միևնույնն է, չենք կարող հաշվի չնստել փաստացի տիրող իրավիճակի հետ. իրավիճակ, որը հեռու է հայտարարվող վիճակագրական թվային ցուցանիշներից:
Վերլուծության համար վերցնենք Արմավիրի մարզի միջին մեծության, անմիջապես Արաքս գետի հարևանությամբ գտնվող Արազափ համայնքը, որտեղ կա 350 գյուղացիական տնտեսություն:
Արազափ գյուղի գյուղացիական տնտեսությունները 10 տարուց ավելի օգտվում են բանկերի կողմից առաջարկվող գյուղատնտեսական վարկերից: Չնայած բարձր տոկոսադրույքներին, նրանք մի կերպ կարողացել են վարկերը ժամանակին ետ վերադարձնել վարկատուին:
2008-2010 թվականներին մարզի գյուղերի այդ հատվածը տեսավ ուժեղ կարկտահարություն, Արաքսը դուրս եկավ ափերից՝ հեղեղելով շրջակա գյուղերի հողատարածքները, և գյուղացին այս բնական աղետների պատճառով կորցրեց ակնկալվող բերքի 60-80 տոկոսը:
Բնական է, ստեղծված իրավիճակում, երբ օրվա հացի խնդիրը դարձել էր անլուծելի, ավելորդ էր դառնում վարկերի մարման մասին մտածել:
Բանկի ներկայացուցիչը առաջարկել է գյուղացիներին այլ մարդկանց անունով նոր վարկեր վերցնել հին վարկերը մարելու նպատակով: Շատ գյուղացիներ հենց այդպես էլ վարվել են, սակայն բնության դաժան քմահաճույքով նրանք զրկվել են ակնկալվող բերքից:
Գյուղացիների վարկերը ժամկետանց տույժերի կիրառման պատճառով կրկնապատկվել ու եռապատկվել են, և վարկատուն գումարները ետ վերադարձնելու դատական միջոցներն է սկսել օգտագործել:
Նման իրավիճակում են գյուղի վարկառուների 80 տոկոսը, ովքեր, չունենալով վարկերը մարելու հնարավորություն, հայտնվել են դատական քաշքշուքների մեջ:
Շատ գյուղացիների նկատմամբ դատարանն արդեն որոշում կայացրել է և գործերն ուղարկել է Դատական ակտերի հարկադիր կատարման ծառայություն: Վերջիններս փորձագետների միջոցով սկսել են գյուղացիների անշարժ գույքի գնահատման գործընթացը:
Արազափի գյուղացիական տնտեսությունները խնդրի լուծման իրենց տարբերակն են առաջարկում, որով խնդրում են բանկին դադարեցնել ժամկետանց տույժերի կիրառումը, վերաձևակերպել վարկերը 10 տարի ժամկետով: Նույն խնդրով արազափցիները դիմել են ՀՀ Վարչապետին, սակայն դրական պատասխան չեն ստացել: