Վերջին մի քանի տարիների ընթացքում հասարակության համար անհասկանալի գործընթացներ են տեղի ունենում գյուղատնտեսության բնագավառում: Անկախ եղանակային պայմաններից, բնական աղետներից, գյուղատնտեսությունը պարբերաբար աննախադեպ տնտեսական աճ է ապահովում: Ասենք, եթե այդ աճը լիներ 1 կամ 2 տոկոսի սահմաններում, կարելի էր ընդհանրապես ուշադրություն չդարձնել, սակայն, երբ համադրում ենք բնական աղետների վիճակագրությունը, անապատի վերածվող գյուղատնտեսական հողատարածքների ծավալների ավելացումը, իրացման ավանդական խնդիրները և գյուղական բնակչության սոցիալական ծայրահեղ ծանր վիճակը, կասկած է առաջանում, որ ինչ-որ բան այն չէ:
Նախ հարկ է հիշել վերջին 5 տարիների բնական այն աղետները, որոնք զգալի վնաս հասցրեցին գյուղատնտեսությանը: Այս ամենը առարկայական և մատչելի դարձնելու համար, որպես քննարկման օբյեկտ, վերցնենք Արմավիրի մարզը:
Եվ այսպես՝
2011 թվական – կարկտահարություն Ջանֆիդա, Ալաշկերտ, Արևիկ համայնքների ուղղությամբ: Հիմնականում վնասվեցին խաղողի և պտղատու այգիները: Կարկուտ տեղաց նաև մարզի հյուսիսային երկայնքով տեղակայված համայնքներում: 2011-ին Հայաստանի գյուղատնտեսությունը 14,1 տոկոս աճ ապահովեց, իսկ Արմավիրի մարզում գյուղատնտեսության համախառն եկամուտը 2010 թվ-ի նկատմամբ աճել էր 30,3 տոկոսով և կազմեց 136,2 միլիարդ դրամ:
2012 թվական – ցորենի անորակ «Էլիտար սերմացու»-ի պատճառով մարզի բոլոր համայնքների գյուղացիական տնտեսությունները տուժեցին: Եղան համայնքներ, որտեղ ցորենի բերքահավաք չկազմակերպվեց: Հունիսի 9-ին տեղաց ուժեղ կարկուտ: Կարկուտից և սելավաջրերից տուժեցին մարզի հյուսիս-արևելյան մասի գյուղացիական տնտեսությունները: Այս տարում Հայաստանի գյուղատնտեսությունն արձանագրեց 9,5 տոկոս աճ, իսկ Արմավիրի մարզի գյուղատնտեսության համախառն արտադրանքն աճեց 5,7 տոկոսով և կազմեց 144,0 միլիարդ դրամ:
2013 թվական – մարտի 18-ի լույս 19-ի ցրտահարություն, ապրիլի 22, 23 լույս 24-ի ցրտահարություն, մայիսի 12-ի կարկուտ, 50-100 տոկոսով տուժած 46 համայնքների գյուղացիական տնտեսություններ: 11137 գյուղացիական տնտեսության 12787 հեկտար հողատարածք տուժեց: Վնասի ընդհանուր չափը պաշտոնապես կազմեց 25,3 միլիարդ դրամ: Չնայած աննախադեպ կորստին, Հայաստանի գյուղատնտեսությունն արձանագրեց 7,1 տոկոս աճ, իսկ Արմավիրի մարզի գյուղատնտեսության համախառն արտադրանքն աճեց 13,3 տոկոսով և կազմեց 163,2 միլիարդ դրամ:
2014 թվական – մարտի 31-ից ապրիլի 2-ի ցրտահարություն, տուժեցին 83 համայնքների 6679 գյուղացիական տնտեսություն: Բնական աղետից զատ, շատ համայնքների լոլիկի դաշտեր վարակվեցին ճրագախոտով և ընդհանրապես բերք չտվեցին: Տարին չորային էր, համայնքները ոռոգման ջուր էին ստանում գրաֆիկով, շատ այգիներ ջրազրկվեցին: Այս տարում Հայաստանի գյուղատնտեսությունն արձանագրեց 7,2 տոկոս աճ, իսկ Արմավիրի մարզի գյուղատնտեսության համախառն արտադրանքն աճեց է 6,1 տոկոսով և կազմեց 173,2 միլիարդ դրամ:
2015 թվական – մայիսի 15-ի և 28-ի, այնուհետև օգոստոսի 22-ի կարկուտը վնասեց Բաղրամյանի տարածաշրջանի 15 համայնքների գյուղացիական տնտեսությունները: Կարկուտից տուժեց 1129 գյուղացիական տնտեսություն: Կարկուտի վնասը կազմեց 3,15 միլիարդ դրամ: Վարունգը մթերվում էր 15 դրամով, սմբուկը 10 դրամով, խաղողի մթերման գինը նվազեց մինչև 50 դրամ: Վիճակագրական տվյալներով Հայաստանի գյուղատնտեսությունն արձանագրեց 11,7 տոկոս աճ, իսկ Արմավիրի մարզի գյուղատնտեսության համախառն արտադրանքն աճեց 4,2 տոկոսով և կազմեց 180,5 միլիարդ դրամ:

Հանրագումարի բերելով վիճակագրական տվյալները, կարող ենք արձանագրել, որ 2011-ից մինչև 2015 թվականը Հայաստանի գյուղատնտեսությունն ապահովել է 60,22 տոկոս աճ, իսկ Արմավիրի մարզի գյուղատնտեսությունը՝ 72,7 տոկոս աճ, այսինքն 5 տարվա ընթացքում գյուղատնտեսության համախառն եկամուտը 104,5 միլիարդ դրամից հասել է 180,5 միլիարդ դրամի:
Այստեղից պարզ և տրամաբանական հարց է առաջանում, եթե 5 տարում մարզի գյուղատնտեսությունը մոտ 73 տոկոս աճ է արձանագրել, ի՞նչու գյուղացու սոցիալ-տնտեսական վիճակը գոնե կես տոկոսով աճ չի արձանագրել: Պատասխանը ոչ թե ֆանտազիայի ժանրով բացատրություններն են, այլ Ազգային վիճակագրական ծառայությունից ոչ պակաս տեղեկատվության աղբյուրներն են, որոնք ավելի մոտ են իրական կյանքին և կասկած չեն հարուցում:
Նորից օրինակները բերենք Արմավիրի մարզի գյուղատնտեսությունից: Վերջապես բոլոր մշակվող հողատարածքները ոռոգվում են, ըստ մշակվող կուլտուրաների գյուղացուց գանձվում է օգտագործած ոռոգման ջրի վարձ: Ավելին, յուրաքանչյուր համայնք ունի ջրբաշխներ, ովքեր սանտիմետրի ճշտությամբ գիտեն գյուղի ոռոգվող հողատարածքներն ըստ մշակաբույսերի և անհրաժեշտության դեպքում կարող են տեղեկություն տրամադրել:
Վերցնենք ընդամենը մեկ օրինակ և հասկանանք, թե ինչպե՞ս են ստացվում այս թվերը: Ըստ Այգեվան համայնքի ջրբաշխ Հենրիկ Թորոսյանի և գյուղացիների հաստատմամբ, Արմավիրի մարզի Այգեվան համայնքը 2015 թվ-ին փաստացի մշակել է 18 հեկտար հացահատիկային կուլտուրա: Ազգային վիճակագրական ծառայության Արմավիրի կենտրոնից տեղեկանում ենք, որ Այգեվան համայնքը 2015 թվ-ին ունեցել է 25 հեկտար հացահատիկային կուլտուրա: Պրիմիտիվ թվաբանությամբ պարզվում է, որ փաստացի մշակվող տարածքներն ուռճացվել են 38,9 տոկոսով: Այստեղ հարկ է պարզաբանել, որ ջրբաշխը թաքցրած ցորենի հողատարածքներ չէր կարող ունենալ, քանի որ ցորենի ցանքատարածություններում ոռոգման վարձը ամենացածրն է և ջրբաշխը, իր անձնական շահից ելնելով, 12-14 անգամ ոռոգվող բանջարաբոստանային կուլտուրաների դաշտերը կթաքցներ՝ փոխարինելով 3 անգամ ոռոգվող ցորենի դաշտով: Սա ի միջի այլոց:
Վիճակագրական ծառայությանը հաշվետվություն է ներկայացրել համայնքի ղեկավարը, բայց թե ինչու՞ է ուռճացրել թվերը, ով որտեղից է հանձնարարություն ստացել, կամ ով ում է լավություն արել, այլ հարց է:
Գյուղատնտեսության նախարարը հղում կատարելով Ազգային վիճակագրական ծառայության պաշտոնական տվյալներին, յուրաքանչյուր տարվա սկզբին հայտարարում է նախորդ տարվա գյուղատնտեսության բնագավառի ձեռքբերումներն ու արձանագրված աճը: Հատկանշականն այն է, որ գյուղնախարարը իր հաշվետվությունում մի քանի անգամ նշում է, որ թվերը վերցված են ՀՀ Ազգային վիճակագրական ծառայությունից:
Խորանալով Ազգային վիճակագրական ծառայության հրապարակած պաշտոնական թվերի մեջ հաճախ աբսուրդի հասնող թվերի ես հանդիպում: Օրինակ, 2014 թվականին, ըստ ԱՎԾ պաշտոնական կայքի, Արմավիրի մարզում աշնանացանի ծավալները, համեմատած 2013 թվականի, կրճատվել են 35,2 տոկոսով: Գյուղատնտեսական գիտելիքներից զուրկ մարդն էլ կարող է ենթադրել, որ 2015 թվ-ին Արմավիրի մարզը գոնե 30 տոկոս հացահատիկային կուլտուրայի պակաս բերք կստանա, սակայն նույն ԱՎԾ-ի պաշտոնական տվյալների 2014 թվականի համեմատ, բերքի պակասը կազմում է ընդամենը 7,4 տոկոս:
Մի փոքր անդրադարձ կատարենք Արմավիրի մարզի անմշակ հողերի ծավալներին: Ջրամատակարար ընկերությունների տվյալներով, ամեն տարի չմշակվող գյուղատնտեսական հողատարածքների ծավալներն ավելանում են և վերջին 5 տարիներին մշակվող հողատարածքների ծավալները կրճատվել են մոտ 17 տոկոսով: Այստեղ ստույգ թիվ գտնելն համարյա անհնար է, քանի որ շատ հողատարածքներ կրկնակի են հաշվառվում: Օրինակ, հաշվառվում է ցորենի ցանքատարածությունները և տարեվերջին ցորենի թվին գումարվում է աշնանացանի տարածքի թիվը, և եթե ցորենի բերքահավաքից հետո աշնանը նույն տեղում աշնանացան ցորեն է ցանվում, ստացվում է մեկ տարածքի կրկնակի հաշվառում:
Իսկ ինչու՞ հենց հացահատիկը: Հացահատիկի ծավալներով հեշտությամբ կարելի է որոշել բնակչության քանակի մոտավոր դինամիկան՝ կապված արտագաղթի հետ: Ներմուծված հացահատիկի ծավալները հայտնի են, մնում է դրան գումարել արտադրության ներքին ծավալները և հայտնի կդառնա տեղաշարժի դինամիկան:
Այս ամենից կարելի է հետևություն անել, որ գյուղատնտեսությունը յուրաքանչյուր տարի հետընթաց է ապրում և առողջացման լուրջ խնդիր ունի: Նման գործելակերպը կարելի է նմանեցնել 40 աստիճան ջերմության մեջ վառվող հիվանդին, երբ բժիշկը, ջերմաչափին նայելով, 40 աստիճանի փոխարեն արձանագրում է 36,6: Թե ինչքան կձգի հիվանդը…