Մարզկենտրոն Արմավիրից 50 կմ և Թուրքիայի սահմանից ընդամենը 300 մետր հեռավորության վրա գտնվող Բագարան համայնքում խմելու ջուր չկա, երբեք էլ չի եղել: Մոտ երկու տասնամյակ առաջ Բագարանում խմելու ջրի ցանց են կառուցել, բայց շահագործման չեն հանձնել: Բագարանցիները խմելու և ընդհանուր օգտագործման ջուրը կուտակում են գյուղի ծայրամասում գտնվող «Գորտի» աղբյուրից: Բագարանցիները ջուրն աղբյուրից ղանթարներով են բերում:
Աղբյուրից ջուր բերում են բացառապես կանայք: Տղամարդուն վայել գործ չի,- կատակում են բագարանցիները, բայց երբեմն դեմ են գնում իրենց սկզբունքներին:
Տիկին Քնարիկը Բագարանում է ծնվել, երբևէ չի հիշում, որ ծորակից ջուր եկած լինի, հիմա էլ հույս չունի, թե խնդիրը կլուծվի: Մխիթարվում է նրանով, որ աղբյուրին մոտ է ապրում:
170 տնտեսություն ունեցող Բագարան գյուղում խնդիրները շատ են, բայց առաջնայինը խմելու ջուրն է: Գյուղապետի խոսքով, 90-ականներին կառուցված ներքին ցանցն այլևս վերանորոգման ենթակա չէ, ջրի ցանցն առանց նախագիծ է կառուցվել, դրա պատճառով էլ գյուղը ջուր չի ունեցել: Հիմա գյուղապետարանը նոր ցանց կառուցելու հնարավորություն չունի: Գյուղապետն ասում է համայնքն ի վիճակի չէ նման ֆինանսական ներդրում կատարել:
Բագարանցիների միակ սփոփանքն առայժմ այն է, որ աղբյուրը երբեք չի ցամաքել: