«Մրցույթ» հասկացությունը, ըստ տրամաբանության, ենթադրում է, որ մրցույթի առարկան տարեցտարի պետք է ավելի որակյալ և հնարավորինս քիչ ծախսատար լինի, անկախ նրանից դա ծառայություն է, ապրանքի ձեռքբերում կամ աշխատանք: Մեզանում մրցույթները կարծես կորցրել են իրենց առաքելության իմաստը: Անորակ շինարարություն կատարած կազմակերպությունը պատժվելուց հետո հաջորդ մրցույթում հաղթող է ճանաչվում: Նույնը կարելի է ասել նաև ծառայություն մատուցող կազմակերպությունների առումով:

Ասվածն ավելի առարկայական դարձնելու համար վերցնենք Արմավիրի մարզի հասարակական տրանսպորտի Արմավիր-Երվանդաշատ-Բագարան երթուղու մրցույթում հաղթող ճանաչված կազմակերպության իր վրա վերցրած պարտավորությունների և փաստացի այդ պարտավորությունների կատարման տարբերությունը:

Նախ նշենք, որ Բագարանը և Երվանդաշատը սահմանամերձ գյուղեր են և մարզկենտրոնից հեռու են մոտ 50 կմ: Դժվար չէ ենթադրել, որ այս գյուղերի համար կենսական անհրաժեշտություն է մարզկենտրոնի հետ կապող հասարակական տրանսպորտը:

Նշված երթուղու մրցույթի պայմանների մեջ պահանջ է դրվել, որ հասարակական տրանսպորտի միջոցը առնվազն երկու անգամ պետք է Բագարան և Երվանդաշատ գյուղեր մուտք ու ելք անի: Սակայն նշված երթուղու աշխատանքային գրաֆիկի և ուղեվարձի մասին նույնիսկ գյուղերի բնակիչները գլուխ չեն հանում: Այսպես, 2011 թվականին ուղեվարձը 400 դրամից դարձավ 500 դրամ, իսկ ուղեփոխադրումների գրաֆիկը դարձել է հովհարային մինչ օրս: Սկզբնական շրջանում ավտոբուսները երկու ուղղություններով առավոտյան և երեկոյան էին ուղևորներին տեղափոխում, հետո առանց պատճառաբանությունների որոշեցին ուղեվարձը դարձնել 500 դրամ և տեղափոխել միայն առավոտյան: Այնուհետև տեսնելով, որ հասարակությունը հաշտվել է այդ մտքի հետ, որոշեցին տեղափոխել 2 օրը մեկ, միայն առավոտյան:

Թե ինչպիսի պարտավորություններ է ստանձնել երթուղին սպասարկող կազմակերպությունը, մեզ չհաջողվեց պարզել, սակայն պարզից էլ պարզ է, որ նման վերաբերմունք, այն էլ սահմանամերձ բնակավայրի հասարակության նկատմամբ, անթույլատրելի է և դրա հսկողությամբ պետք է զբաղվի Արմավիրի մարզպետարանի համապատասխան վարչությունը: