19 հարց՝ 2-ն առավել կարևոր. մայիսին արմավիրցիները կնշեն եկեղեցու բացումը և կմասնակցեն Արմավիրում տեղակայված ՌԴ զորամասի 90-ամյակին,- այս մասին այսօր տեղի ունեցած ավագանու նիստի ընթացքում ասաց Արմավիրի քաղաքապետ Ռուբեն Խլղաթյանը: Նիստին ներկա էին ավագանու 10 անդամ: Օրակարգում ընդգրկված էր 19 հարց: Քաղաքապետը նախ ներկայացրեց 2014թ. բյուջեի առաջին եռամսյակում կատարված աշխատանքները, ապա ավագանու ուշադրությունը հրավիրեց 2 հարցի շուրջ: Ասաց, որ մայիս ամիսն Արմավիր քաղաքի համար իրադարձություններով հարուստ է լինելու: Նախ քաղաքը կնշի երկար սպասված «Սուրբ Սարգիս» եկեղեցու բացման արարողությունը, ապա՝ Արմավիրում տեղակայված ՌԴ զորամասի 90-ամյակը: Հաշվի առնելով այս երկու կարևոր միջոցառումները, քաղաքապետ Ռուբեն Խլղաթյանի առաջարկությամբ և ավագանու որոշմամբ ՀՀ ՌԴ սահմանապահ վարչության հրամանատար, գեներալ-լեյտենանտ Վիկտոր Վլասովին և «Սուրբ Սարգիս» եկեղեցու բարերար Կարեն Մկրտչյանին կշնորհվի ՀՀ Արմավիր քաղաքի պատվավոր քաղաքացու կոչում: Քաղաքապետը նշեց, որ Կարեն Մկրտչյանին այսպիսով շնորհակալություն է հայտվում ինչպես քաղաքապետարանի, այնպես էլ քաղաքի բնակիչների կողմից: Ավագանին հաստատեց մյուս 16 հարցերը ևս, որոնք վերաբերում էին Արմավիրի թվով 10 մսուր-մանկապարտեզների երեխաների պահպանման վարձերի զիջմանը և ֆինանսական աջակցության խնդրանքով Արմավիրի քաղաքապետին ու ավագանուն դիմած սոցիալապես անապահով 13 ընտանիքների օգնություն հատկացնելուն: