Տարեկան 1000-ից ավելի երեխա է ծնվում Արմավիր բժշկական կենտրոնում: 2011թ. դրությամբ բժշկական կենտրոնում գրանցվել է 1010 երեխայի ծնունդ, 600-ը տղա: 2012թ. դեկտեմբերի 3-ի դրությամբ բժշկական կենտրոնի ծննդատանը գրանցվել է 900 երեխայի ծնունդ, 500-ը տղա: Յուրաքանչյուր ամիս ծննդօգնություն է ստանում 90-100 կին: Այս մասին տեղեկանում ենք Արմավիր բժշկական կենտրոնի մանկաբարձա-գինեկոլոգիական բաժանմունքի վարիչ Նշան Գևորգյանից: 35 տարվա մանկաբարձը վստահեցնում է, որ ծնողներն առաջնածին երեխայի դեպքում սեռին կարևորություն չեն տալիս: Արմավիր բժշկական կենտրոնում 2007թվ-ից կատարվում է ուլտրաձայնային հետազոտություն, իսկ 2011թ. հուլիսին կենտրոնին տրամադրվել է շարժական ստացիոնար գերձայնային էխոգրաֆիկ սարք: Ուլտրաձայնային սարքավորումների միջոցով ոչ միայն վերահսկվում է պտղի առողջական վիճակը, այլ նաև հնարավորություն է տրվում պարզել երեխայի սեռը: Արմավիր բժշկական կենտրոնի գինեկոլոգները նկատում են, միշտ չէ, որ ծնողները դիմում են ծննդաբերության հետ կապված հետազոտությունների կամ երեխայի սեռը ճշտելու համար: Գինեկոլոգ Նշան Գևորգյանը ցավով փաստում է, երբեմն մայրերը դիմում են բժշկական կենտրոն հղիության ընթացքը դադարեցնելու համար: Ըստ Գևորգյանի, Արմավիր բ/կ-ում տարեկան 340-350 երեխայի կյանք ծնողների կամքով (աբորտ) ընդհատվում է բժշկական միջամտությամբ: Սրանք Արմավիր բժշկական կենտրոնի վերջին 2 տարվա ցուցանիշներն են: Ցուցանիշներից կարելի է ենթադրել, որ ծնելիության մակարդակը բժշկական կենտրոնում բարձր է,- վստահեցնում է մանկաբարձ Նշան Գևորգյանը:
Անդրադառնալով աբորտների՝ այս դեպքում ոչ հստակ կամ միայն պաշտոնական տվյալներին, հարց է առաջանում, արդյոք ուլտրաձայնային հետազոտությունը կարող է նպաստել աբորտների թվի ավելացմանը: Այսինքն՝ հետազոտություն, որը հնարավորություն է տալիս պարզել դեռ չծնված երեխայի սեռը, և որը, չակերտավոր ասված, չի համընկում ծնողի նախընտրած սեռի հետ և դառնում աբորտի զոհ: Որքանո՞վ են արդարացվում ծնողի կողմից հղիությունը դադարեցնելու այս որոշումները, ոչ մի կերպ չի բացատրվում: Այս երևույթները թերևս կարելի է վերնագրել որպես «սելեկտիվ աբորտ»- ների տեսակ: Սակայն ծնողների կողմից կա ևս մի տարածված արդարացում աբորտների վերաբերյալ: Շատերն արդարացնում են, որ հրաժարվում են պտղից սոցիալական պայմանների պատճառով: Հստակ մեկնաբանություն տալ խնդրին հնարավոր չէ: Երեխայի սեռը լինի պատճառը, թե սոցիալական իրավիճակը, այնուամենայնիվ երեխայի ծնունդն ամենակարևորն է: