Այս տարի Արմավիրի մարզում ոռոգման համակարգում իրականացվել են մի շարք բարելավման աշխատանքներ: Կառուցվել է 4 պոմպակայան և վերականգնվել են մի շարք խորքային հորեր: Չնայած համակարգում կատարվող բարեփոխումներին, այնուամենայնիվ մարզում նկատվեց ոռոգման ջրի սակավություն, ինչը ոչ միայն մտահոգեց ջրօգտագործողներին, այլ ջրամատակարար կազմակերպություններին ու Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանին: Արմավիրի մարզպետարանում այսօր տեղի ունեցավ խորհրդակցություն, որտեղ և քննարկվեց ոռոգման ջրի հետ կապված խնդիրները: Խորհրդակցությանը մասնակցում էին մարզի ՋՕԸ ղեկավարները և Ջրային պետական կոմիտեի ներկայացուցիչները: Ըստ ջրօգտագործող ընկերությունների բազմաթիվ միջոցառումներ են իրականացվել գյուղական համայնքներում ոռոգման համակարգի սպասարկումն ապահովելու և սպառողին բավարար քանակով ջուր մատակարարելու համար: Ըստ ՋՕԸ ներկայացուցիչների, ջրի սակավության պատճառով, համենայն դեպս բույսը չի տուժել: Հիմա էլ ամեն ինչ անում են, որպեսզի բավարար քանակով ջուր մատակարարվի և գյուղացին խաղողի այգիներում ոռոգման վերջին շրջանում խնդիրներ չունենա, իսկ մարզպետ Աշոտ Ղահրամանյանն ավելացրեց, որ աշնանացանի ժամանակահատվածում ևս ջրի խնդիր չի առաջանա և ՋՕԸ ղեկավարներին հորդորեց բոլոր հնարավոր միջոցառումներն իրականացնել, որպեսզի գյուղատնտեսական սեզոնի ավարտին գյուղացին ոռոգման ջրի խնդրի առաջ չկանգնի: