Ամանորյա աշխուժություն արդեն կարելի նկատել Արմավիր քաղաքում, հատկապես խանութներում, որտեղ քաղաքացիները ջանք ու միջոց չեն խնայում ամանորյա տոնական սեղանները գեղեցիկ ու ճոխ պատրաստելու համար: Նոր տարվա բաղկացուցիչ ու զարդարող ամենակարևոր հանգամանքը թերևս տոնածառն է, այստեղ էլ, ով ինչպես կարող է, որքան կարող է ու որքան հնարավոր է, փորձում է իր բնակարանն ու բակը զարդարել գունագեղ լույսերով, խաղալիքներով ու փայլերով: Նախատոնական այս օրերին զարդարվում են նաև քաղաքները: Օրինակ, Էջմիածին քաղաքում տոնական զարդարանքը վաղուց արդեն իրականացվել է, տոնական լույսերը դեռ դեկտեմբերի 11-ին վառվել են ու քաղաքին ամանորյա շուք հաղորդել: Մարզի հոգևոր քաղաքը լիարժեք ամանորյա տրամադրության տակ է: Ամանորյա քիչ թե շատ զարդարանքներ ու խորհրդանշող ոչ այնքան շքեղ տոնածառ է դրվել նաև Մեծամոր քաղաքում: Եվ ահա արդեն երեք օր է ամանորյա հարդարանք է ստանում նաև Արմավիր քաղաքը: Այս տարի թերևս կարելի է ասել Արմավիր քաղաքի գլխավոր տոնածառը մի փոքր ավելի շուտ է տեղադրվել, քան նախորդ տարի, մի փոքր էլ ավելի մեծ է ու գեղեցիկ, քան նախորդ տարի էր: Ճիշտ է, տոնածառի զարդարման աշխատանքները դեռ ընթացքի մեջ են, բայց քաղաքի տոնական լուսավորությունն արդեն պատրաստ է: Մնում է սպասել, թե երբ են վառվելու արմավիրյան տոնածառի լույսերն ու երբ են տոնածառի շուրջ շուրջպար բռնելու փոքրիկ արմավիրցիները: Նախատոնական բարձր տրամադրություն, սա ամենակարևորն է: