Արմավիր քաղաքի ավագանու հերթական նիստի ընթացքում Արմավիրի քաղաքապետ Ռուբեն Խլղաթյանը իր բարկությունն արտահայտեց քաղաքաշինության բաժնի պետի և «Բարեկարգում» տնօրինության տնօրենի աշխատանքների վերաբերյալ: Քաղաքապետը նկատել էր, որ ապօրինի շինությունները ավելացել են, հսկողությունը թուլացել, ուստի քաղաքապետը ամենայն խստությամբ զգուշացրեց քաղաքաշինության բաժնի պետ Արմեն Աբգարյանին ստեղծել հատուկ հանձնաժողով, որը կվերահսկի ու կարգելի քաղաքում ապօրինի շինությունների աճը: Իսկ «Բարեկարգում» տնօրինության տնօրենից պահանջեց լուրջ ուշադրություն դարձնել քաղաքի աղբահանության վրա: Ըստ քաղաքապետի և ավագանու, քաղաքի աղբահանությունը պատշաճ կերպով չի կատարվում, հարցը խիստ դրեց Ռուբեն Խլղաթյանը, կամ նորմալ և կանոնավոր կատարվում է աղբահանությունը, կամ քաղաքապետը ստիպված կլինի բարեկարգման աշխատակազմում փոփոխություններ կատարել: Արմավիրի քաղաքապետ Ռուբեն Խլղաթյանը քաղաքապետարանի աշխատակազմի մասնակցությամբ քաղաքում եռօրյա շաբաթօրյակ կազմակերպելու կոչ արեց: