Հոկտեմբերի 7-ին Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանն ընդունեց Իրանի Իսլամական Հանրապետության Արևմտյան Ատրպատականի նահանգից ժամանած նահանգապետ Վահիդ Ջալալզադեի պատվիրակությանը: Պատվիրակության ներկայացուցիչները նախ այցելեցին Էջմիածնի արտադրական ձեռնարկություններ, ապա եղան Արմավիրի մարզի Վանանդ համայնքի «Նոյան» հյութերի գործարանում: Արմավիրի մարզի և Իրանի Իսլամական Հանրապետության Արևմտյան Ատրպատականի նահանգի հետ փոխըմբռնման հուշագիր ստորագրվել է 2009 թվ-ին: Մարզպետ Աշոտ Ղահրամանյանը նշեց, որ համագործակցության առաջին քայլերը վաղուց են սկսվել, սակայն մեր ջանքերն այդ ուղղությամբ դրական արդյունքներ դեռ չեն տվել: Առաջիկայում նախատեսվում է մարզի մի շարք գործարարների այցը Ուրմիա, որտեղ կկայանա հանդիպում տեղի գործարարների հետ: Նահանգապետ Վահիդ Ջալալզադեն նկատեց, որ Արմավիրի մարզը գրանցել է արդյունաբերական մեծ աճ: Նահանգապետը հայտնեց իր պատրաստակամությունը բոլոր հնարավոր միջոցներով աջակցել Արմավիրի մարզին: Հանդիպման ավարտին երկկողմ որոշում կայացվեց, որի համաձայն առաջիկայում տեղի կունենա «Արմավիրի տուն Ուրմիայում» և «Ուրմիայի տուն Արմավիրում» խորագրով ցուցահանդես-վաճառք: