Նախօրեին Արմավիրի 200-ից ավել տաքսիստներ վաղ առավոտից քաղաքի կենտրոնական հրապարակում բողոքի ակցիա էին կազմակերպել՝ ընդդեմ բնագավառը կարգավորող նոր որոշման: Տաքսիստները նոր որոշումն անընդունելի են համարում հատկապես մարզերում գործող տաքսի ծառայությունների համար: Ամսական սահմանված 8000 դրամ հարկային վճարի փոխարեն տաքսիստներն առաջարկում են վճարել ամենօրյա սկզբունքով՝ հաշվի առնելով մեքենայի անսարքության կամ պարապուրդի հանգամանքները: Բացի դա, անընդունելի են համարում հաշվիչ սարքերի տեղադրումը, քանի որ միջհամայնքային անմխիթար ճանապարհների պարագայում փոխադրավարձը սերտ կապված է ճանապարհի վիճակի հետ: Տաքսիստները խնդրով դիմել են Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանին, ով խոստացել էր հարցով դիմել Կապի և տրանսպորտի նախարարին: Այսօր Կապի և տրանսպորտի փոխնախարար Արա Արսենյանն Արմավիրում էր: Փոխնախարարը մարզպետարանում հանդիպեց տաքսիստների հետ, լսեց նրանց դժգոհությունները, առաջարկները և խոստացավ հարցն ուսումնասիրել: