Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանը մարզի գործարարների և ՌԴ Մոսկվայի մարզից ժամանած գործարարների հետ անցկացրեց խորհրդակցություն, որի ընթացքում ներկայացրեց Արմավիրի և Չեխիայի Մորավիա – Սլեզնիա մարզերի միջև ստորագրված Բարեկամության և համագործակցության հուշագրի մասին: Համագործակցության շրջանակներում Արմավիրի մարզում արտադրվող գյուղմթերքներն այս տարի կարող են արտահանվել Չեխիայի հանրապետություն,- գործարարների հետ հանդիպման ժամանակ ասաց Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանը: Հուշագիրը ստորագրվել է ՀՀ նախագահի Չեխիա կատարած այցելության ժամանակ, որի հանձնախմբում ընդգրկված էր նաև Արմավիրի մարզպետը:
Համագործակցության շրջանակներում ձեռք են բերվել մի շարք պայմանավորվածություններ: Ինչպես նշեց մարզպետը, Չեխիայում մեծ պահանջարկ են վայելում հայկական չրերն ու պահածոները:
Ըստ մարզպետի, չեխ գործընկերները պատրաստակամություն են հայտնել ներկրելու մեծ քանակությամբ չրեղեն և մուրաբաներ, սակայն պայման է դրվել, որ ներկրվող ապրանքները պետք է լինեն սերտիֆիկացված:
Արմավիրի Առևտրաարդյունաբերական պալատի նախագահ Անդրանիկ Սարգսյանը գտնում է, որ, եթե արտադրողը բազմաթիվ ջանքերի գնով ձեռք բերի արտահանման համար համապատասխան սերտիֆիկատը, միևնույն է խնդիրները դրանով չեն լուծվում: Որակի եվրոպական չափանիշի ապահովումը մարզի արտադրողների համար նույնպես դժվար կլինի: Իսկ մարզպետը հորդորեց նախ սկսել զբաղվել սերտիֆիկատի հարցով, իսկ այդ ընթացքում դժվարություններ կլինե՞ն, թե՞ ոչ, կամ մարզի արտադրողը կկա՞րողանա ապահովել եվրոպական որակ, ցույց կտա ժամանակը:
Աշոտ Ղահրամանյանը նշեց, որ Արմավիրի մարզը շուտով պատրաստվում է համագործացություն սկսել նաև Մոսկվայի մարզի հետ: Համագործակցության առաջին քայլերից մեկը կլինի մարտ ամսին Մոսկվայում կայանալիք հայկական արտադրատեսակների ցուցահանդես-վաճառքը: Մարզպետը մարզի գործարարներին առաջարկեց ցուցահանդեսին ներկայացնել իրենց բոլոր արտադրատեսակները, այդ թվում՝ պահածոներն ու չրերը: