Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանի նախաձեռնությամբ, արդեն երկրորդ անգամ, Արմավիրի մարզում տնտեսական ֆորում է կազմակերպվում, որին մասնակցում են Արմավիրի մարզի և ծնունդով մարզից, արտերկրում գործունեություն ծավալող գործարարները: Առաջին հանդիպման ընթացքում քննարկումներն ու փոխհամաձայնությունները զուտ բարեգործական նպատակներ էին հետապնդում: Գործարարների միջոցներով մարզի տարածքում կառուցվեցին եկեղեցիներ, վերանորոգվեցին մանկապարտեզներ, դպրոցներ, բուժամբուլատորիաներ ու խաղահրապարակներ: Այս անգամ համագործակցության ձևաչափը փոխվել է: Աշոտ Ղահրամանյանը ֆորումի մասնակիցներին առաջարկում է փոխշահավետ համագործակցություն ծավալել, ներդրումներ կատարել մարզում, որից կարող է և՛ ներդրողը շահույթ ստանալ, և՛ մարզը զարգանալ, և՛ ազգաբնակչությունը շահել: Մարզպետը գործարարներին առաջարկում է մարզի տարածքում ներդրումներ կատարել գյուղատնտեսության բնագավառում, մասնավորապես՝ չորանոցների, գյուղմթերքի վերամշակման արտադրամասերի, ջերմոցային տնտեսությունների կառուցման մեջ: Գործարարներից շատերին հետաքրքրեց առաջարկը և խոստացան ուսումնասիրել միջավայրը, որից հետո կներկայացնեն ներդրումային իրենց առաջարկը կամ ծրագիրը: