ՀՀ Բնապահպանության նախարար Արամայիս Գրիգորյանն աշխատանքային այցով Արմավիրի մարզում էր: Նախարարը մարզպետարանում հանդիպեց համայնքների ղեկավարների հետ և քննարկեց բնապահպանական մի շարք հարցեր: Նախարարն անդրադարձավ մարզում աղակալված հողատարածքների խնդրին և հավաստիացրեց, որ աղակալված հողերի աղազերծումն այլևս հնարավոր է, քանի որ միջազգային ծրագիր է իրականացվելու:
Գայի գյուղապետ Սեյրան Մարկոսյանը նախարարից հետաքրքրվեց, արդյոք հնարավոր կլինի վերականգնել գյուղում խմելու ջրի ճնշումը: Ըստ գյուղապետի, Գայում խմելու ջրի ճնշումը տարեցտարի ընկնում է Արարատի մարզի ձկնաբուծարաններում խորքային հորերի պատճառով: Եթե ձկնաբուծարանների հորերը կրճատվեն, ջրի խնդիրը Էջմիածնի մի շարք գյուղերում կմեղմանա,- ասաց Մարկոսյանը:
Զարթոնքի գյուղապետ Պարույր Սարգսյանին անհանգստացնում է գյուղի մոտ 60 հեկտար հողատարածքի վրա բուսական մնացորդների քայքայման և բարձր ջերմաստիճանի հետևանքով տեղի ունեցող ինքնաայրման երևույթները, որոնք վտանգ են ներկայացնում մարդկանց և շրջակա միջավայրի համար:
Արամայիս Գրիգորյանը նախարարության համապատասխան վարչության աշխատակիցներին հանձնարարեց հետևողական լինել և խնդրի լուծման տարբերակներ մշակել: Մարզի երեք՝ Ջրառատ, Եղեգնուտ և Արազափ համայնքների ղեկավարներին էլ հետաքրքրում էր, հնարավո՞ր է արդյոք «Որդան Կարմիր» հատուկ պահպանվող տարածքը ցանկապատով մեկուսացնել կամ առանձնացնել այլ տարածքներից: Բնապահպանության նախարարի խոսքով, հարցը կուսումնասիրվի, իսկ մինչ այդ գյուղապետերին խորհուրդ տվեց իրենք էլ, թեկուզ փոքր ներդրումներով, նախաձեռնող ու հետևողական լինել խնդիրների լուծման հարցում: