Հուլիսի 31-ին կայացավ Արմավիրի թիվ 5 միջնակարգ դպրոցի տնօրենի ընտրությունները: Այս անգամ տնօրենի պաշտոնի համար հայտ էր ներկայացրել 5 թեկնածու: Նշենք, որ նախորդ ընտրությունները կայացել էին մայիսի 15-ին և այդ ժամանակ դպրոցի տնօրենի ժ/պ Մաշա Իվանյանը միակ թեկնածուն էր, ով 5 դեմ, 3 կողմ ձայնով չընտրվեց տնօրեն: Այս անգամ նույնպես Մաշա Իվանյանը թեկնածու էր: Մյուս չորս թեկնածուներից 3-ը նույն դպրոցի փոխտնօրեններն էին և մեկը Լուկաշին համայնքի միջնակարգ դպրոցի գործող տնօրենը:

Կառավարման խորհրդի նիստը տեղի ունեցավ հուլիսի 31-ին ժամը 14:00-ին: Նիստին ներկա էին խորհրդի 8 անդամները: Քվեարկությամբ՝ 2 կողմ, 6 դեմ ձայներով խորհրդի անդամները որոշել էին նիստը չձայնագրել: Խորհուրդը որոշել էր 5 թեկնածուներին, ըստ այբբենական կարգի, հրավիրել իրենց ծրագիրը ներկայացնելու համար: Երկու ժամ տևած 5 թեկնածուների ծրագրերի ներկայացման ավարտից հետո խորհուրդն անցավ քվեարկության: Թեկնածուներից ոչ մեկը չստացավ պահանջվող 5 կողմ ձայնը: Խորհուրդն առավելագույն ձայներ հավաքած 3 թեկնածուների համար հայտարարեց կրկնակի քվեարկության փուլ:

Կառավարման խորհրդի նախագահ Լիաննա Հարությունյան՝ Առաջին փուլով տնօրեն չընտրվեց, քանի որ 5 կողմ ձայն պետք է ստանար, որպեսզի տնօրեն ընտրվեր, և քանի որ 5 կողմ ձայն չհավաքեց առաջին փուլում, առավելագույն ձայներ հավաքած երեք թեկնածուներ կրկնակի քվեարկության փուլ անցան:

Կրկնակի քվեարկության փուլը չկայացավ, ինչո՞ւ, – պարզաբանում է Լիաննա Հարությունյանը – Կրկնակի քվեարկության ժամանակ ծնողական խորհրդի անդամներից մեկի ինքնազգացողությունը վատ էր, դուրս եկավ նիստից և չվերադարձավ, խորհրդի 3 անդամներ՝ երկու մանկավարժ և մյուս ծնողը հրաժարվեցին կրկնակի քվեարկության փուլին մասնակցել:

Խորհուրդը որոշեց օգոստոսի 1-ին նիստ հրավիրել և նոր մրցույթի օրակարգ կազմել: Ավելի ուշ որոշումը փոխվեց, հետ կանչեցին արդեն նիստն ավարտված համարած և ցտեսություն ասած խորհրդի անդամներին:

Լիաննա Հարությունյանի խոսքով, խորհրդակցել էին Կրթության նախարարության և կրթության տեսչության համապատասխան մասնագետների հետ, որոշել՝ կառավարման խորհուրդը, քննարկելով առաջացած իրավիճակը, որոշեց չեղյալ համարել օգոստոսի 1-ին հայտարարվելիք խորհրդի նիստը և անցկացնել կրկնակի քվեարկություն խորհրդի նիստի մասնակից անդամներով: Կրկնակի քվեարկությանը մասնակցեցին խորհրդի 4 անդամներ՝ Խաչիկ Մկրտչյանը, Արմեն Հարությունյանը, Վահե Դավթյանը, Լիաննա Հարությունյանը: Կրկնակի քվեարկությամբ տնօրեն չընտրվեց. Շուշանիկ Աթոյան 2 կողմ ձայն, Գոհար Գասպարյան 1 կողմ ձայն, բոլորին դեմ՝ մեկ ձայն:

Լիաննա Հարությունյանը նաև ընթերցեց կառավարության որոշումը, ըստ որի  հավակնորդների թիվը 3 և ավելի լինելու և տնօրեն չընտրվելու դեպքում նույն օրը անցկացվում է կրկնակի քվեարկություն: Կրկնակի քվեարկությանը մասնակցում են առավելագույն կողմ ձայներ ստացած երկու հավակնորդները: Եթե բոլոր հավակնորդները հավաքել են նույն քանակությամբ ձայներ, ապա կրկնակի քվեարկությանը մասնակցում են բոլոր հավակնորդները: Կրկնակի քվեարկությանը ևս տնօրեն չընտրվելու դեպքում հաստատության խորհուրդը 3 աշխատանքային օրվա ընթացքում հաստատության մարզային ենթակայության դեպքում ՀՀ փոխվարչապետին է ներկայացնում խորհրդի նիստի արձանագրության և տնօրենի պաշտոնի կրկնակի քվեարկության փուլ անցած հավակնորդների անձնական գործերի պատճենները: Կրկնակի փուլ անցած 3 հավակնորդների գործերի և խորհրդի նիստի արձանագրության պատճենները եռօրյա ժամկետում կուղարկվի ՀՀ փոխվարչապետին, իսկ փոխվարչապետը 5 աշխատանքային օրվա ընթացքում Արմավիրի մարզպետին կառաջարկի պայմանագիր կնքել  թեկնածուներից մեկի հետ, – ասաց Լիաննա Հարությունյանը: