Արմավիրի քաղաքային զբոսայգու պատմությունը սկսվում է քաղաքի ստեղծման ակունքներից, այսինքն 1931թվ-ից: Սկզբում այգին ունեցել է ցանկապատ, կարուսելներ, կանաչապատ տարածք և ոռոգման համակարգ: Խորհրդային տարիներին, ցանկանալով ընդլայնել այգու տարածքը, քաղաքի իշխանություններն ապամոնտաժեցին ցանկապատը, որը ճակատագրական դարձավ քաղաքի միակ զբոսայգու համար: 90-ականների սկզբին առանց ցանկապատի այգին թիրախ դարձավ ծառահատողների համար: Արդյունքում զբոսայգին վերածվեց առանց ջրամատակարարման ամայի տարածքի:

Զբոսայգին շարունակում էր ամայի մնալ մինչև 2012թվ-ը: Միայն մեկ ամիս առաջ Արմավիրի ներկայիս քաղաքային իշխանությունները նախաձեռնեցին ցանկապատման և ոռոգման համակարգի ստեղծման աշխատանքները:

Կցանկապատվի Արմավիրի քաղաքային զբոսայգու մի մասը: Ցանկապատման համար քաղաքային համայնքի բյուջեից հատկացվել է 25 մլն դրամ: Պարսպապատման աշխատանքներն իրականացնում է <<Լեգենդա>> ընկերությունը: Ընկերության ինժեներ Արթուր Սարգսյանը վստահեցնում է. 10 օրից պարսպապատ քաղաքային զբոսայգին կգեղեցկացնի քաղաքի արտաքին տեսքը:

Արմավիրցիները նկատում են, զբոսայգում աշխատանք կատարվում է, մի օր այն կդառնա իսկապես հաճելի հանգստի վայր: Իսկ մինչ այդ Արմավիրի քաղաքապետ Ռուբեն Խլղաթյանը խոստանում է, որ զբոսայգու մյուս հատվածի ցանկապատման աշխատանքները կշարունակվի 2013 թվ-ին: Այգին նորից կանաչապատ դարձնելու նպատակով կվերականգնվի նաև ոռոգման համակարգը: Երկու օրից կհորատվի մեկ խորքային հոր, որը կբավարարի ոչ միայն այգու, այլև հարևանությամբ գտնվող բժշկական կենտրոնի հողատարածքը ոռոգելու համար, – վստահեցնում է քաղաքապետը:

Խորքային հորի և ոռոգման ներքին ցանցի աշխատանքներն իրականացնելու համար հատկացվել է 9 մլն դրամ՝ 4 մլն-ը Արմավիրի քաղաքային համայնքի բյուջեից, իսկ 5 մլն դրամը հատկացրել է Արմավիրի մարզպետարանը: