Մայիսի 1-ը Աշխատանքի և աշխատավորների միջազգային օրն է: Այն նշվում է աշխարհի 142 երկրներում: Տոնն առաջին անգամ նշվել է 1890թվ-ին, Ավստրո-Հունգարիայում, Բելգիայում, Գերմանիայում, Դանիայում, Իսպանիայում, Նորվեգիայում և մի շարք այլ երկրներում: 1886թվ-ին ամերիկացի և կանադացի աշխատավորները ցույց են կազմակերպել՝ աշխատանքային գրաֆիկը 8-ժամյա դարձնելու պահանջով: Հայաստանում մայիսի 1-ը տոնական և ոչ աշխատանքային օր է: Բոլորն այսօր նշում են աշխատավորի միջազգային օրը, բայց՝ յուրովի: Նախկինում մայիսմեկյան շքերթներն ու տոնական երթերը բարձր տրամադրություն էին հաղորդում: Այսօր էլ տոնական տրամադրությունն առկա է, բայց՝ հոգեբանորեն: Օրինակ՝ Արմավիր քաղաքում արմավիրցիները վաղուց չեն հիշում այդպիսի տոնակատարություններ կամ օրը խորհրդանշող միջոցառումներ: Սակայն Արմավիրի քաղաքային զբոսայգին այսօր սովորականից մարդաշատ էր: Քաղաքացիներն իրենց երեխաների կամ ընտանիքի անդամների հետ վայելում էին օրվա խորհուրդը: