Արմավիրի բժշկական կենտրոնի վնասվածքաբանական բաժանմունքը համալրվեց էլեկտրոն օպտիկական վերարտադրիչ սարքավորումով, որը 2012թվ-ին արտադրվել է խոշորագույն «Մեդիսոն» ֆիրմայի կողմից: Սարքն աշխատում է ռենտգենյան ճառագայթների սկզբունքով և հնարավորություն է տալիս, անմիջապես վիրահատական սեղանի վրա, ունենալ տեղեկատվություն խորը հյուսվածքների վերաբերյալ, ինչը բժիշկներին թույլ է տալիս կրճատել վիրահատության ժամանակը: Արմավիրի բժշկական կենտրոնում այս նորագույն սարքավորման միջոցով կատարվել է փակ և բաց 11 վիրահատական միջամտություն, բոլորը բարեհաջող ավարտով: Էլեկտրոն օպտիկական վերարտադրիչը ձեռք է բերվել Արմավիրի բժշկական կենտրոնի տնօրեն Սարգիս Խաչատրյանի և 3 բարերարների ֆինանսական միջոցներով: Բժշկական կենտրոնի տնօրենի հավաստմամբ, սարքի անհրաժեշտությունը մեծ էր. այն հնարավորություն կընձեռի վիրահատությունը կատարել անհամեմատ մատչելի գնով, և որ ամենակարևորն է, այլևս մայրաքաղաքային հիվանդանոցներ դիմելու կարիք չի լինի: