Հերթական պատահարն է տեղի ունեցել Երևան-Արմավիր ավտոմայրուղու 28-րդ կմ-ի հատվածում: Ինչպես տեղեկացանք Ոստիկանության Արմավիրի մարզային վարչության Վաղարշապատի բաժնի հերթապահ տեսուչ Վիրաբ Հակոբյանից, առավոտյան ժամը 08:-00-ի սահմաններում Վաղարշապատի հիվանդանոցից տեղեկություն է ստացվել, որ անգիտակից վիճակում հիվանդանոց է տեղափոխվել Վաղարշապատի բնակիչ 1967թ. ծնված Մարինե Ռաֆիկի Միրաբյանը:

Վաղարշապատի հիվանդանոցի վերակենդանացման բաժանմունքի վարիչ Մելիքսեթ Կոնդյանի փոխանցմամբ տուժողը հիվանդանոց է ընդունվել առավոտյան 07:50-ին, շտապօգնության մեքենայով, եղել է ագոնալ վիճակում, կատարվել է ռեանիմացիոն միջոցառումներ, որոնք արդյունք չեն տվել և գրանցվել է մահ:

Ոստիկանությունից մեզ հայտնեցին, որ Արշալույս գյուղի բնակիչ, 1956թ. ծնված Գրիշա Մարտիրոսյանը, վարելով <<ՊԱԶ>> մակնիշի 22 48 Լ համարանիշի ավտոմեքենան, փորձել է շրջադարձ կատարել դեպի Տարոնիկ գյուղ տանող ճանապարհի ուղղությամբ, որի ընթացքում Մարինե Միրաբյանը վայր է ընկել ավտոբուսից և ստացել մարմնական վնասվածքներ: Վարորդը դեպքի վայրից դիմել է փախուստի: Ոստիկանության Վաղարշապատի բաժնի աշխատակիցները դեպքից երկու ժամ անց, ժամը 10:00-ի  սահմաններում վարորդ Գրիշա Մարտիրոսյանին բերման են ենթարկել, իսկ ավտոբուսը տեղափոխել Վաղարշապատի բաժնի տուգանային հրապարակ: Հարուցվել է քրեական գործ: Կատարվում է նախաքննություն: