Արմավիրի գյուղական համայնքներում ավագանու անդամներին չճանաչելը սովորական երևույթ է: Չնայած որ ավագանու նիստերը կայանում են օրենքով սահմանված կարգով, ասենք 2 ամիսը մեկ անգամ, ինչպես Մյասնիկյանում է, միևնույն է, համայնքի բնակիչների մոտ երևույթը ոչինչ չի փոխում: Իրենց գյուղի ավագանու անդամներին գյուղացիները ճանաչում են մի քանի դեպքերում՝ եթե բարեկամ է, հարևան է կամ ընկեր, այլ դեպքերում նույնիսկ չեն էլ հետաքրքրվում ո՞վքեր են թեկնածուները, ո՞ր թեկնածուի օգտին պետք է քվեարկեն կամ, որ ավելի կարևոր է, ի՞նչ հարց է լուծելու իրենց համար իրենց ընտրած ավագանին:
Մյասնիկյանում ավագանու 9 անդամ կա: Մյասնիկյանցիներն ասում են, ում պետք է գիտեն, գիտեն նաև ում են ձայն տվել և ինչի համար, ավագանու մյուս անդամներով չեն հետաքրքրվել, չեն էլ ուզում ճանաչել, ժամանակ չունեն:
Գյուղացիները նիստերին չեն մասնակցում: Ավագանու անդամ Վահրամ Հովհաննիսյանը, օրինակ, կողմ է, ասում է կարող են ներկա լինել նիստերին, գյուղի մասին հարցեր են քննարկվում, թող լսեն, քննարկեն, առաջարկություններով հանդես գան:
Մյասնիկյանի գյուղապետ Անդրանիկ Պետրոսյանն ասում է, որ նիստերը կազմակերպում են երկու ամիսը մեկ անգամ, ինչպես որ սահմանված կարգն է:
Ըստ գյուղապետի, նիստի օրակարգը քննարկվում, հաստատվում և ավագանու անդամներին է տրամադրվում նիստից մեկ շաբաթ առաջ: Վահրամ Հովհաննիսյանը ավագանու 9 անդամներից մեկն է, ասում է ավագանու նիստերը, ինչպես կարգն է, անցկացնում են, ինքն էլ պարտադիր մասնակցում է, նիստերի մասին տեղեկանում է պարզ ու ընդունված կարգով, կանչում են, գնում է, մասնակցում, քվեարկում: Հիմնականում օգնություններ են հատկացնում:
Ինչո՞ւ համայնքի բնակիչները չեն մասնակցում նիստերին, գյուղապետը չգիտի: Ասում է տեղեկացնում են գյուղացիներին նիստի կայանալու մասին, դռները բաց են մասնակցությունը ողջունելու: Ավագանու անդամը ենթադրում է՝ գյուղացիները զբաղված են գյուղատնտեսական աշխատանքներով, ժամանակի խնդիր է: Իրենք էլ գյուղացիների խնդիրներին տեղյակ են, հարկ եղած դեպքում նրանց անունից առաջարկություն կանեն, այս կամ այն հարցը օրակարգում կընդգրկեն: Նշենք, որ ՏԻՄ մասին օրենքով համայնքի ավագանու անդամը պարտավոր է`
– մասնակցել ավագանու նիստերին,
– պարբերաբար հանդիպել համայնքի բնակչության հետ, համայնքի ընտրողներին տեղեկացնել համայնքի ավագանու աշխատանքների մասին,
– մասնակցել քաղաքացիների՝ ավագանու կողմից անցկացվելիք ընդունելություններին:
Հատկապես գյուղական համայնքներում ավագանու կողմից անցկացվելիք ընդունելությունները սովորաբար սկսվում և ավարտվում են գյուղամիջում պատահական հանդիպումներով ու զրույցներով: