4 տարի առաջ, հետևելով հարևանի խորհրդին, հացիկցի Սամվելը որոշեց, ինչպես մյուս համագյուղացիները, բախտը փորձել Եվրոպայում: Ստանալով կնոջ համաձայնությունը, հավաքեցին առաջին անհրաժեշտ իրերն ու փակելով կիսակառույց տան դռները, մեկնեցին Ֆրանսիա: 2430 բնակիչ ունեցող Հացիկի արտագնա աշխատանքի ուղղվածությունը հիմնականում ՌԴ է:
Սամվելի ուղղությունը պատահական չէր, քանի որ Ֆրանսիայում էր ապրում նրանց դուստրը՝ երեխաների հետ միասին: Բոլոր մեկնողների նման Սամվելն էլ մտածում էր, որ խնդիրներ չեն լինի, կարճ ժամանակում կստանան կացության թույլտվություն, այնուհետև քաղաքացիություն և նախատեսած հազարները:
Կացության թույլտվություն ստանալու նպատակով դիմեցին ներգաղթյալների հանձնաժողով: Մինչ դիմումի քննության ավարտը Սամվելին ու Գոհարին կացարան տրամադրեցին ներգաղթյալների ճամբարում:
Ճամբարային պայմաններում անորոշ ժամկետով դիմումի պատասխանին սպասելը ամուսիններն անիմաստ ժամանակի կորուստ համարեցին: Լսելով բախտակիցների խորհուրդները, մասնագիտությամբ եռակցող-փականագործ Սամվելը որոշեց բախտի հետևից այստեղից էլ գնալ Գերմանիա:
Ժամանակավոր կացության թույլտվություն ստացավ՝ աշխատելու իրավունքով: Նրանց բնակարան հատկացվեց ճամբարից դուրս:
Գոհարը լեզվի չիմացության պատճառով օրինական աշխատանք չկարողացավ գտնել: Ստիպված, որպես աղախին, ապօրինի աշխատանքի անցավ ծանոթներից մեկի տանը:
Տիկին Գոհարը շատ է ափսոսում, որ 4 տարի օտար երկրում փորձություններով լի ժամանակ են վատնել:
2017-ի մարտի 12-ին Սամվելն ու Գոհարը, խզելով քաղաքացիություն ստանալու իրենց դիմումի ընթացքը, վերադառնում են Հայաստան: Հայաստանում ամուսինները նախ պետք է լրացնեին կորցրածը՝ աշխատանք գտնեին, ավարտեին տունը:
Հայաստանում Գոհարը գործազուրկ է եղել: Ընտանիքն ապրել է Սամվելի ոչ կայուն աշխատանքով և այգու բերքից ստացված եկամուտով: Եվրոպա մեկնելու համար վաճառել են սեփական ավտոմեքենան: Գերմանիայում աշխատել է միայն Գոհարը. ամսեկան մոտ 1200 եվրո է վաստակել: Հայաստան վերադառնալուց հետո ամուսիններն առայժմ աշխատանք չեն գտել: