Վաղ առավոտից Արմավիր քաղաքում լուր տարածվեց, որ քաղաքի կենդանաբուսաբանական այգու երկու առյուծները փախել են և գտնվում են ազատության մեջ: Լուրը վախեցրել էր այգու հարակից տարածքի բնակիչներին, իսկ 9-րդ դպրոցի տնօրենը դասերից հետո երեխաներին արգելել էր դպրոցից դուրս գալ մինչև տեղեկատվության իսկությունը ճշտելը:
Առավոտից այգու տնօրեն Արմեն Թադևոսյանի հեռախոսի զանգերը չեն դադարում: Բոլորը նույն հարցն են տալիս՝ առյուծները փախե՞լ են, թե՞ ոչ:
Արմեն Թադևոսյանի այգում մեկ զույգ առյուծ է բնակվում, երկուսն էլ իրենց տեղում են: Թադևոսյանը վստահեցնում է՝ առյուծները դուրս գալու ոչ մի հնարավորություն չունեն, վանդակի հուսալիությունը կրկնակի անգամ մեծ է, իսկ տարածքը պարսպապատված է:
Արմենի համար տարածվող նման լուրերը նորություն չեն, ասում է մի անգամ էլ քաղաքում խոսում էին իբր օձը մարդ է կուլ տվել: Չնայած հիշում է, մի անգամ առյուծի վանդակը մաքրելիս ձագը հաջողացրել էր դուրս գալ, բայց նորից վանդակ էր վերադարձել:
Արմեն Թադևոսյանի կենդանաբուսաբանական այգում 50 տեսակից ավել կենդանի և թռչյուն է բնակվում: Արմենը վստահեցնում է՝ բոլորն էլ տեղում են, իսկ գիշատիչ կենդանիների վանդակները ապահով են: Առյուծների փախուստի լուրերն էլ սուտ են: