Պտղատու ծառերը գյուղացիներն էտել են հունվար-փետրվար ամիսներին, խաղողի այգիների էտը շարունակվում է։ Գարնան գյուղատնտեսական աշխատանքների ակտիվ շրջան է Արմավիրի մարզում։ Գյուղացիներն ասում են՝ վաղ գարնան գործերը փորձում են ձմռան ամիսներին թեթևացնել, որպեսզի գարնանը կարողանան հրատապ գործերը հասցնել։ Գևորգն այգեբացը փետրվարին է կատարել, էտն արդեն ավարտել է, շուտով այգեկապը կսկսի։

Հացիկ համայնքում հողատարածքների շուրջ 80 տոկոսը պտղատու և խաղողի այգիներն են զբաղեցնում, ծիրան, դեղձ ու խաղող են մշակում։ Պտղատու այգիներում գարնան առաջին փուլի աշխատանքներն ավարտվել են։ Ծառերը ձևավորել են, առաջին բուժումն իրականացրել, սպասում են ոռոգման ջրին, որն ապրիլի երկրորդ կեսին կլինի։ Մինչ այդ հացիկցիները խաղողի այգիներում են աշխատում, կանայք ցախ են հավաքում, տղամարդիկ կտրում, չորացած ճյուղերը հանում։ «Ա՛յ սենց, էս կտրում եմ, էս թողում։ Սա հին շիվա, կկտրեմ, սա կթողնեմ, էս տարի բերք կտա, էս կտրածը կաճի, էկող տարի էլ սա բերք կտա, էս թողածը կկտրեմ։ Կորցնելու ժամանակ չկա, անձրև ա, քամի ա, պետք ա հասցնենք»։

70-ամյա Ռաֆիկ Սարգսյանն ասում է՝ 50 տարի է այգեգործությամբ է զբաղվում, ոչ մի տարի այդքան խնդիրներ չի ունեցել։ Այս տարի գյուղատնտեսական աշխատանքները մեծ դժվարությամբ է սկսել, ֆինանսական խնդիրներ ունի։ Նա միակը չէ գյուղում, բախտակից ընկերները կողքին են։

10 տոննա սեղանի սորտի խաղող էլ Ռաֆիկ Մարգարյանն է մթերել, գումարը դեռ չի ստացել։ Ասում են՝ այլընտրանք չկար, բերքը մնացել էր վազերին։

Գյուղացիները չեն կարողանում գյուղատնտեսական վարկերը մարել։ Բացի դա, օրեցօր ավելանում են ժամկետանց վարկերի տոկոսադրույքները։ Վարկային պարտավորությունները ժամանակին չկատարելու պատճառով անցյալ տարի չեն կարողացել օգտվել անտոկոս գյուղատնտեսական վարկերից։  

Արմավիրի մարզպետարանի Գյուղատնտեսության և բնապահպանության վարչության պետ Արթուր Այվազյանից տեղեկանում ենք, որ 2020 թվականին Արմավիրի մարզի գյուղացիական տնտեսությունները շուրջ 9 մլրդ դրամի սուբսիդավորվող՝ անտոկոս գյուղատնտեսական վարկ են ստացել։

Ըստ Այվազյանի, կորոնավիրուսի հետ կապված այդ վարկերը, որոնք տրամադրվում էին զրո տոկոսով, գործելու է նաև 2021 թվականին և հասանելի կլինի գյուղացիների համար մինչև դեկտեմբերի 31-ը։

Հացիկցիները պնդում են, որ պարտքերը կկարողանան մարել միայն այն դեպքում, եթե խաղողի մթերման սակագինը բարձրանա։ Ռաֆիկ Սարգսյանը հաշվարկում է՝ մեկ հեկտար խաղողի այգին մշակելու համար 1-1,5 մլն դրամ ծախս է կատարվում։ Այգին առնվազն 6 անգամ բուժում են, յուրաքանչյուր բուժումը 100 հզր դրամ է կազմում, այգեթաղ-այգեբաց, բերքահավաք, դրանք նույնպես մեծ ծախսեր են պահանջում, իսկ խաղողը մթերվում է լավագույն դեպքում 150 դրամով։

Գյուղացիները մտահոգված են, սպասվող ցրտահարությունը կարող է վնասել ծիրանի այգիները։ Ծիրանենին ծաղկման փուլում է, իսկ գյուղացիներից ոչ բոլորն են կարողացել ապահովագրել իրենց այգիները։