Գյուղացին ամեն տարի գարնանամուտից առաջ մտածում է ինչ մշակաբույս աճեցնի, որ ընտանիքի գոյությունը պաշտպանի: Սա այն խնդիրն է, որն իր մեջ ներառում է մեխանիզացիա, պարարտանյութ, ոռոգում, թունաքիմիկատ, աշխատանքային ուժ, գին և իրացում: Գյուղացին իր հաշվարկները բոլորից լավ գիտի և գոնե գարնանամուտին սխալվելու իրավունք չունի:

Այս տարի Արմավիրի մարզի Ակալիճ համայնքի շատ գյուղացիներ որոշեցին իրենց ընտանիքի գոյության բախտը կապել  լոլիկի աճեցման հետ: Վաղ գարնանը, գումարներ ծախսելով, կատարեցին  բոլոր նախապատրաստական աշխատանքները, և ինչպես ասում են, սերմը հանձնեցին հողին:

Արդեն մեկ ամիս է, ինչ  գյուղացիները սպասում են լոլիկի առաջին ծիլերին, սակայն ծիլերն այդպես էլ դուրս չեն գալիս: Պարզվում է, որ լոլիկի սերմերն անորակ են եղել և նման բախտի են արժանացել մարզի շատ համայնքներ: Վաճառողը արդարանում է,  ասելով՝ ինչ առել եմ, այն էլ վաճառել եմ, ես ինչ մեղք ունեմ: Ներկրողն արդարանում է,  որ ինքը չէր կարող գուշակել, որ սերմն անորակ է: Ինչ կասի գյուղնախարարությունը, արդեն կարելի է ենթադրել. <<գյուղացին ցանել չգիտի>>: