Հուլիսի 20-ին, կեսգիշերին ուժգին քամին ու անձրևը վնասել են Արմավիրի մարզի Բաղրամյանի տարածաշրջանի Մյասնիկյան, Դալարիկ և Բաղրամյան համայնքների որոշ բնակելի տներ: Ինչպես տեղեկանում ենք Արտակարգ իրավիճակների Արմավիրի մարզային փրկարարական վարչության պետ Արմեն Ամիրջանյանից, անձրևաջրերից մասնավորապես տուժել են Դալարիկի 8 բնակելի տներ: Այստեղ փրկարարական ջոկատն իրականացրել է կանխարգելիչ միջոցառում ջրի հետագա ծավալումը կանխարգելելու նպատակով և կատարել ջրահեռացման աշխատանքներ: Մեկուկես ժամ անց Արտակարգ իրավիճակների մարզային վարչությունն ահազանգ է ստացել, որ ջրածածկման երևույթ է առաջացել նաև Բաղրամյան համայնքում: Ըստ Ամիրջանյանի, այստեղ արտակարգ իրավիճակների խմբին է միացել նաև <<Նոր Ակունք>> ՓԲԸ-ն: Ընկերության ջրատար ավտոմեքենայով իրականացվել է մեծածավալ ջրահեռացումները շենքերի նկուղներից: Այնուհետև Արտակարգ իրավիճակների մարզային վարչությունում կրկին ահազանգ է ստացվել, որ ջրածածկման երևույթ է առաջացել Մյասնիկյան համայնքում:  Մյասնիկյանում ներգրավվել է գյուղի տեխնիկական միջոցները ևս, որոնց օգնությամբ ջրի հունը բացվել է, իսկ սեփական բնակարաններում կատարվել ջրահեռացման աշխատանքներ: Ինչպես տեղեկանում ենք Արմավիրի փրկարարական վարչության պետից, նշված երեք համայնքներում բարեբախտաբար մարդկային վնասներ չեն եղել: