Դեկտեմբերի 19-ին ՀՀ գյուղատնտեսության նախարարի առաջին տեղակալ Գրիշա Բաղիյանը ամփոփեց անասնաբուծության և ձկնաբուծության ոլորտում գյուղատնտեսական տարվա արդյունքները`հայտնելով, որ 2014 թվականին, նախորդ տարվա համեմատությամբ, արձանագրվել են բարձր ցուցանիշներ թե´ անասնագլխաքանակի, և թե´ անասնաբուծական մթերքների արտադրության և իրացման ծավալների ավելացման առումով: Միևնույն ժամանակ հավելեց, որ 2015թ. հունվարի 1-դրությամբ կարձանագրվի բոլոր տեսակի անասնագլխաքանակի աճ 2-5 տոկոսով:
Այժմ դուրս գանք աշխատասենյակներից, մի կողմ դնենք գյուղապետերի «հատուկ նշանակության» տվյալները և այցելենք մարզեր: Գյուղատնտեսական գիտելիքներ պետք չեն հասկանալու համար, որ 2013թ. աշնանը խոզերի համար միակ կեր հանդիսացող թեփի գնի կրկնակի թանկացման պատճառով խոզը հազիվ փրկվեց կարմիր գիրք անցնելու վտանգից: 2014 թվ-ին թեփի գինը նվազեց, բայց մայր խոզերն արդեն մորթվել էին: Հենց դա է պատճառը, որ խոզի միսն այսօր վաճառվում է 3500-4000 դրամով:
2014 թվ-ին ոռոգման ջրի սակավության պատճառով մատակարարները, նախապատվությունը տալով բանջարաբոստանային կուլտուրաներին և այգիներին, մոռացության մատնեցին առվույտի ցանքատարածությունները: Արդյունքում առվույտի սպասվող քանակությունը կրճատվեց 50-60 տոկոսով և մեկ տուկ առվույտի գինը կրկնակի թանկացավ՝ հասնելով 1500-1800 դրամ:
Անասնակերի թանկացումը, բանկերի պարտքերը, ամանորյա գնումները ստիպում են անասնապահներին օր առաջ ազատվել խոշոր եղջերավոր անասուններից: Դրանում կարելի է համոզվել՝ հետևելով տավարի մսի վաճառքի գներին, որը տատանվում է 2300-2400 դրամի սահմաններում: Մսավաճառների շրջանում մեր հարցերի պատասխանից պարզվում է, որ գյուղացիները նույնիսկ պատրաստ են իրենց ընտանիքը կերակրող միակ կովից հրաժարվել:
Եթե նույնիսկ թեորապես համաձայնվենք, որ անասնագլխաքանակը 2015թ. հունվարի 1-ին 2-5 տոկոս աճ է արձանագրելու, հարց կառաջանա՝ «իսկ ի՞նչ են ուտելու անասունները»: