Կառավարության որոշումները, կապված այս կամ այն բնագավառի օպտիմալացման հետ, ենթադրում է որակական կամ քանակական արդյունք: Եթե վարչապետը, ով հմուտ կառավարիչ լինելով՝ փաստում է, որ երկրի տնտեսությունը ծանր վիճակում է, ուրեմն իր կողմից իրականացրած օպտիմալացման ծրագրերն ինչ-որ չափով պետք է թեթևացնեն երկրի ծանր վիճակը: Բնագավառների մեծ ու փոքր կոսմետիկ օպտիմալացումներից հետո հերթը հասավ Ջրօգտագործող ընկերություններին (ՋՕԸ)՝ բնագավառ, որի գործունեությունից է կախված գյուղատնտեսության ճակատագիրը, բնագավառ, որը քիչ, թե շատ կայացած էր, և գոնե վերջին մի քանի տարիներին գյուղացիները ջրամատակարարումից չեն բողոքել, բացառությամբ 2013 թվականի երաշտ տարում, երբ Ախուրյանի ջրամբարն օգոստոս ամսին ցամաքեց: Ոռոգման ջրի նկատմամբ գյուղացիական տնտեսություններն ընդամենը մեկ բողոք ունեն, որը կապված է ջրի բարձր սակագնի հետ:
Կառավարության որոշմամբ լուծարվելու են ջրօգտագործող ընկերությունները և խոշորացման արդյունքում ստեղծվելու է մեկ մարզային ոռոգման ջրի մատակարար: Օրինակ, Արմավիրի մարզում 6 ջրօգտագործող ընկերություններ կլուծարվեն, կփակվեն բազմաթիվ աշխատատեղեր: Ի՞նչ արդյունք կտա այս փոփոխությունը:
Հայաստանի շարքային քաղաքացին արդյունք չի նկատի, քանի որ ջրօգտագործող ընկերությունները համարվում են ոչ առևտրային կազմակերպություններ և պետական բյուջեից աշխատավարձ չեն ստանում: Իրենց աշխատավարձը գոյանում է գանձումների համապատասխան մասհանումով:
Կառավարության որոշումից չի երևում, թե այս օպտիմալացումից գյուղատնտեսությունն ինչ չափով է օգտվելու: Պարզից էլ պարզ է, որ Հայաստանի գյուղմթերքների անմրցունակության պատճառների մեջ իր առյուծի բաժինն ունի ոռոգման ջրի բարձր սակագինը: Արդյո՞ք կառավարությունը պատրաստվում է օպտիմալացումից հետո վերանայել ոռոգման ջրի սակագինը, անհայտ է:
Նախատեսվում է յուրաքանչյուր մարզում ստեղծել մեկ մատակարար կազմակերպություն՝ իր տեղամասերով, որոնք իրավաբանական անձի կարգավիճակ չեն ունենա: Տեղամասերն էլ կունենան իրենց ջրբաշխները:
Իսկ ի՞նչ կունենա գյուղացին օպտիմալացումից հետո: Դրական առումով՝ ոչինչ: Համայնքներում ոռոգման ջուրը կդառնա առաջնային խնդիր: Կոռուպցիոն համաձայնությունների ծավալները գյուղացի-ջրբաշխ հարաբերություններում կավելանա: Փաստացի բանջարաբոստանային կուլտուրաների դաշտերը, որոնց ոռոգման ջրի վարձը տարեկան կազմում է մինչև 150 հազար դրամ, կփոխարինվեն առվույտով կամ ցորենով, որոնց ոռոգման ջրի վարձավճարը կազմում է մինչև 60 հազար դրամ:
Վերահսկելու անհնարինության պատճառով կավելանան կորուստները: Եթե վեց ՋՕԸ-ից յուրաքանչյուրը ստանում էր ջրի ինչ-որ քանակ և պատասխանատու էր այդ քանակի համար, այժմ այս մեխանիզմը վերանում է և ամբողջ ջուրը մարզում մեկ տեր է ունենալու: Ով տարավ, ուր տարավ, վերահսկելը մեկ կառույցով գրեթե անհնար է:
Նման իրավիճակում կարելի է մեկ ենթադրություն անել, որ հեռու չէ այն օրը, երբ օրակարգային կդառնա ոռոգման ջրի թանկացման հարցը: Այսինքն, որքան մեծանա կորուստների քանակը, այնքան արդիական կդառնա սակագնի թանկացումը: