Մարտի 30-ին և լույս 31-ի գիշերը տեղի ունեցած ցրտահարության պատճառով վնասներ են կրել Արմավիրի մարզի բոլոր գյուղերը: Արմավիրի մարզպետարանի գյուղատնտեսության վարչության պետն առայժմ ցրտահարության վնասի մասին ստույգ տվյալներ չունի, սակայն կարող է ասել, որ ամենամեծ վնասը հասել է ծիրանենուն: Պտղի մյուս տեսակները նույնպես ցրտահարվել են, իսկ քանի որ այս գիշեր ևս սպասվում է -5-ից -6 աստիճան ցուրտ, հետևաբար վնասի չափերը մարզպետարանը կսկսի ճշտել վաղվանից,- ասաց մարզի գյուղատնտեսը: Ըստ Արթուր Այվազյանի, ծիրանի, սալորի, վաղահաս դեղձի ու խաղողի սեղանի տեսակի վնասը մեծ էր, քանի որ սկսվել էր դրանց ծաղկաթափման շրջանը: Պտղի մյուս տեսակները, ինչպես օրինակ՝ կեռասը, ուշահաս դեղձը գտնվում էին բողբոջները բացվելու փուլում: Այվազյանի կարծիքով, նման տևական ցրտի պարագայում, գյուղացին անզոր էր լիարժեք պայքար ծավալել: Դա էր պատճառը, որ շատ գյուղացիական տնտեսություններ, նախապատրաստվելով ցրտահարության դեմ պայքարին, այդպես էլ ծխահարում և ոռոգում չիրականացրեցին: Քամին, անձրևն ու ձյունը խանգարեցին և անհնարին դարձրեցին ցրտի դեմ պայքարի գյուղացու բոլոր ջանքերը: