Սեպտեմբերի 9-ին կկայանա տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ: Մինչ այդ համայնքի ղեկավարի և ավագանու թեկնածուներն իրականացնում էին նախընտրական իրենց քարոզարշավները և ընտրողին ներկայանում նախընտրական ծրագրերով: Սեպտեմբերի 7-ը քարոզարշավի վերջին օրն էր: Վաղն արդեն կբացվեն ընտրատեղամասային ընտրական հանձնաժողովների դռներն ու կմեկնարկվի տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունները: Իսկ մինչ այդ, այսօր՝ թիվ 21 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովը ընտրատեղամասային ընտրական հանձնաժողովներին էր տրամադրում սեպտեմբերի 9-ին կայանալիք ՏԻՄ ընտրությունների քվեաթերթիկները, քվեախցիկներն ու անհրաժեշտ պարագաները: Թիվ 21 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի նախագահ Գայանե Սուքիասյանը ևս մեկ անգամ տեղամասային հանձնաժողովների նախագահներին, անդամներին ու թեկնածուների վստահված անձանց կոչ արեց հետևել օրենքի տարրին, խուսափել ավելորդ ու արհեստական խնդիրներից և հետևել ընտրության բնականոն ընթացքին: Իսկ ընտրողներին հանձնաժողովի նախագահը հորդորեց ակտիվ մասնակցել ընտրություններին և օգտագործել քվեարկության իրենց իրավունքը: Նշենք, որ թիվ 21 ընտրատարածքում տեղի է ունենալու 30 համայնքի ավագանու և 23 համայնքի ղեկավարի ընտրություններ: Նշենք նաև, որ Արմավիր քաղաքում կկայանա միայն ավագանու ընտրություններ: Այստեղ առաջադրվել է ավագանու անդամի 26 թեկնածու: