Արմավիրի մարզում սկսվել են գարնանային աշխատանքները: Այս օրերին սկսվել են այգեբացի մասսայական աշխատանքները: Տարին առայժմ բարեհաճ է, եղանակը՝ նպաստավոր, գյուղատնտեսական աշխատանքներ սկսելու համար՝ ճիշտ ժամանակը, -նկատում է մրգաշատցի Մովսես Հովհաննիսյանը և շարունակում այգեբացը: Եթե եղանակը նույն կերպ շարունակվի, ապա մարտի առաջին տասնօրյակում խաղողի այգու էտն էլ կավարտի, իսկ երկրորդ տասնօրյակում վազերի կապն ու ձևավորման աշխատանքները կշարունակի: Շտապում է այգու աշխատանքներն արագ ավարտել, որպեսզի ոռոգման սեզոնի բացմանն անմիջապես սածիլի տնկման գործընթացով զբաղվի: Հովհաննիսյանի կարծիքով, եթե գյուղում ես ապրում, ապա հողն է ընտանիքդ կերակրում, հետևաբար հողագործությամբ չզբաղվել նույնն է, թե գոյությունդ չկարողանալ պաշտպանել: Այգեգործը չի տրտնջում, ֆիզիկական աշխատանքները ժամանակին հասցնում է, փոքր ինչ ֆինանսական դժվարություններ է կրում, բայց դա համատարած բնույթ է համարում ու հարցը տարբեր կերպ լուծում, ասենք գյուղատնտեսական վարկեր է վերցնում, կամ պարտքով թունաքիմիկատ ու սերմնացու գնում, ավելի ուշ՝ բերքահավաքի ժամանակ պարտքերը մարում: Հիմա նրա մտահոգությունը այլ է՝ գյուղտեխնիկայի խնդիրն է. տեխնիկայի պակասը մեծ է, եղածն էլ՝ մաշված, եթե երկարաժամկետ և ցածր տոկոսադրույքով վարկեր տրամադրվի, հողագործի կարծիքով այդ խնդիրը կլուծվի: Առայժմ կանխատեսումներ չի անում Հովհաննիսյանը, ի՞նչ բերք կստանա և ինչպե՞ս կկարողանա իրացնել, ասել չի կարող, բայց ակնկալիքները մեծ է, համենայն դեպս շարունակում է այգին մեծացնել: Բացի գործարանային տեսակի խաղողից, որոշել է այս տարի սեղանի խաղողի մի քանի տեսակ ևս ավելացնել: