«Ամանորյա զամբյուղ»՝ ինչպե՞ս, որտե՞ղ, որքա՞ն ժամանակում լցնել զամբյուղը և հասցնել հասցեատիրոջը: Սա բարեգործական ակցիա է, որը, արդեն երկրորդ տարին է, իրականացնում են Արմավիրի «Սուրբ Սարգիս» երիտասարդաց միության անդամները: Կանոնները հստակ են, 2 օր շարունակ երիտասարդաց միության անդամները Արմավիր քաղաքի 2 առևտրային կենտրոնների մոտ իրականացնում են «Ամանորյա զամբյուղ» ակցիան: Նպատակը հետևյալն է՝ զամբյուղները լցնել մթերքներով, որոնք ամանորյա տոների կապակցությամբ կբաշխվեն անապահով ընտանիքներին, իսկ զամբյուղները լցվում են բարի մարդկանց կողմից: Այսինքն, բոլոր նրանք, ովքեր այս օրերին կատարում են իրենց տոնական գնումները, առևտրի կենտրոններից դուրս գալով և զամբյուղը նկատելով, գնումներից մի փոքր մաս զամբյուղում դնելով բարի կամք են դրսևորում դրա կարիքն ունեցող ընտանիքների կամ երեխաների նկատմամբ: Երբ զամբյուղները լցվում են, ակցիայի նախաձեռնողները մթերքներով լի արկղերը Ամանորի նախօրեին բաժանում են սոցիալապես անապահով ընտանիքներին: Բացի «Ամանորյա զամբյուղ»-ից երիտասարդներն այցելությունների ընթացքում այն ընտանիքներում, որտեղ կան երեխաներ, կազմակերպում են զվարճալի խաղեր: Նշենք, որ երիտասարդաց միությունը նախորդ տարի 25 արկղ էր պատրաստել բարի մարդկանց շնորհիվ: Նախագծի հաջողություններով ոգևորված երիտասարդները վստահ են, որ այս տարի ևս ակցիան կպսակվի հաջողությամբ: Միջոցառմանը մասնակցում էին նաև Այգեշատի «Սուրբ Գևորգ» և Մրգաշատի երիտասարդաց միությունները: