Սադախլու շուկայում միրգն էժան է կամ այս տարի գյուղմթերքի գներն անհամեմատ ցածր են:

Առավոտյան ժամը 05:00-ից Ջանֆիդայի բնակիչ 25-ամյա Երվանդը, Արմավիրի երկաթգծի հարևանությամբ գտնվող Սադախլու կոչվող շուկայում փորձում է մեծածախ առևտուր կազմակերպել, վաճառում է տաքդեղ` 1 կիլոգրամը 200 դրամով: <<Մեծ դժվարությամբ ենք կարողանում իրացնենք, ստիպված հումորային ակցիաներ ենք անում, մի հատ բանան, մի մեշոկ բիբարի դիմաց, բայց որ ուզեն բանան էլ կտանք>>,- ասում է Երվանդը: Միրգ-բանջարեղենի վաճառքի ոլորտում օգտվում է միայն վերավաճառողը: Գյուղացին տարվա կտրվածքով 1 կգ բերք ստանալու համար այնքան ծախս է անում, որ վաճառքից հետո չնչին եկամուտ է ստանում: Այս միտքը պնդում են Սադախլու շուկայում վաճառք իրականացնող գյուղացիները:

Դեղձն էլ 70 դրամ է, համարյա անվճար է,- կատակում է վաճառողուհի Գոհարը:

Նորապատ համայնքի բնակչուհի 50-ամյա Գոհարն իր հողամասի միրգը ափսոսանքով է վաճառում Սադախլու կոչվող շուկայում, մտածում է նույնիսկ, որ այս պայմաններում պետք չէր միրգ ծառից հավաքել: Այս տարի դեղձի 1 կգ-ը վաճառում է 70 դրամով, նախորդ տարվա նույն ժամանակահատվածում դեղձի շուկայական գինը եղել է 400 դրամ: Գյուղացիներն այս տարի խնձորը գրեթե նվիրում են 80-100 դրամով, այնինչ նախորդ տարի 150-200 դրամ էր:

Սևակն ամեն տարի այս շուկայում միրգ է վաճառում: Վերջինիս պնդմամբ, այս տարի գների անկումն ակնհայտ է, 50-60%-ով մրգի գինն իջել է: Սևակը միրգը վաճառում է նաև Ռուսաստան արտահանելու համար: Նախորդ տարի ծիրանը արտահանման համար վաճառել է կիլոգրամը 700 դրամով, իսկ այս տարի` 300 դրամով: Ձմերուկի գները գրեթե անփոփոխ են, մեծածախ վաճառքը 60-70 դրամ է, մանրածախը` 80-100 դրամ: Գնային և իրացման տեսակետից անփոփոխ է նաև կաղամբի վաճառքը` 30-50 դրամ: Լոբու մեծածախ վաճառքի գինը 80 դրամ է:

Սադախլու կոչվող շուկայում առևտուրը հիմնականում ծավալվում է Արմավիրի մարզի գյուղացիների ու Լոռու և Շիրակի մարզերի վաճառականների միջև: Կարինեն արդեն 20 տարի է Ալավերդուց միրգ- բանջարեղենի փոխանակում և վաճառք է իրականացնում Արմավիրի Սադախլու շուկայում: Նախորդ տարի բավարար էր, գոհ էր առևտրից, այս տարի դեռ նոր է սկսել, բայց որ բերքը շատ է ու էժան, նա էլ է պնդում: Գնորդների շրջանում հարցում կատարելու արդյունքում պարզ դարձավ, որ այս տարվա միրգ-բանջարեղենի շուկայական գները բավականին հարմար են գնորդի գրպանին: Տիկին Գոհարն ամեն շաբաթ այդ շուկայից տան համար գնումներ է կատարում: Այս տարի դժգոհում է միայն լոլիկի գնից ու որակից, <<միրգն այս տարի առատ է, իսկ գները`հարմար, այս տարի կարողանում ենք բավականին շատ օգտվել մեր Արարատյան դաշտավայրի բերք ու բարիքից>>,- ասում է տիկին Գոհարը: