Տեղական ինքնակառավարման մասին ՀՀ օրենքում կատարված վերջին փոփոխությունները միտված են ՏԻՄ աշխատանքները դարձնելու թափանցիկ և հասանելի համայնքի յուրաքանչյուր չափահաս քաղաքացու համար: Լավ օրենքը ոչինչ է, եթե այն չի կիրառվում տեղերում: Խոսենք օրինակներով:
ՏԻՄ օրենքի 11 հոդվածն այսքանով չի սահմանափակվում և հստակ գործիքներ է նշում, որոնց միջոցով համայնքի բնակիչները հնարավորություն կունենան տեղեկացվելու և մասնակցելու ՏԻՄ աշխատանքներին:
Պարզելու համար, թե որքանով է գործում օրենքի այս պահանջը ընդունումից 9 ամիս անց, այցելեցինք Արմավիրի մարզի Ակնալիճ համայնք, որտեղ բնակչության թիվը 3115 է: Ակնալիճ համայնքն ունի պաշտոնական կայք՝ aknalich.am, բայց հանրության համար այն հասանելի չէ, միայն գյուղապետարանի աշխատակազմի քարտուղար Գրապիոն Շառոյանը կարող է բացել ու ծանթացնել կայքի պարունակությանը: Այդ պարտականությունը նրա վրա է դրված, ավագանու անդամների անուններն են տեղադրված, համայնքապետի հնգամյա ծրագիրը, բյուջեի կատարողականը և այլն, բայց, օրինակ, Շառոյանը չգիտեր, որ ավագանու նիստերի օրվա, ժամի ու օրակարգի մասին հայտարարությունը, հաջորդաբար ավագանու որոշումները ևս կարող էր կայքում տեղադրել:
Ինչպե՞ս պետք է համայնքի ազգաբնակչությունը տեղեկանա ավագանու նիստերի անցկացման օրվա, ժամի և որոշումների մասին, Շառոյանը գիտեր օրենքի պահանջը, բայց չկատարելու իր պատճառներն ուներ:
Ինչպե՞ս է ավագանին տեղեկանում նիստի կայացման մասին, Գրապիոն Շառոյանը գիտի օրենքի պահանջը, բայց ավագանի-գյուղապետ հարաբերություններն այնքան ջերմ են, որ հարցը օրենքի կիրառմանը չի հասնում:
Ակնալճի բնակիչները նույնիսկ չգիտեն ավագանու քանի անդամ ունեն,ավագանուն ինչո՞ւ են ընտրել և ի՞նչ առաքելություն ունի կատարելու ավագանու անդամը: Նիստերն էլ ակնալիճցիների համար դեռ ժողով է համարվում:
Մինչ գյուղացիներն իրար մեջ կպարզաբանեն ավագանին ով է և ինչ պարտականություններ ունի, նշենք, որ Ակնալիճում ավագանին 9 անդամ ունի:
ՏԻՄ բարեփոխված օրենքի մասին Ակնալճի գյուղապետարանի աշխատակազմի քարտուղարը գիտեր, բայց չէր հասցրել ուսումնասիրել:
Հիշեցնենք օրենքի պահանջներից ևս մեկը՝ Ավագանու 9 և ավելի անդամ ունեցող համայնքի ավագանու նիստի օրակարգում ընդգրկվող հարցերը պետք է նախապես քննարկվեն ավագանու իրավասու հանձնաժողովում: Քննարկման արդյունքում ձևավորված կարծիքը կցվում է ավագանու նիստի օրակարգի նյութերին: Օրենքի այս պահանջը Ակնալիճում այլ կերպ էին ընկալել:
Գրապիոն Շառոյանը վստահեցնում է՝ գյուղատնտեսական սեզոնն ավարտվում է և արդեն հնարավոր կլինի ուսումնասիրել բարեփոխված օրենքն ու հնարավորինս կիրառել պահանջները: