Ինչպես տեղեկացնում է news.am-ը Լեռնային Ղարաբաղում այսօր՝ հուլիսի 22-ի, վաղ առավոտյան, ականի պայթյունի հետեւանքով վիրավորված եւ ուղղաթիռով Երեւան տեղափոխված վիրավորցներից Գառնիկ Ավետիսյանը ողնաշարի վնասվածք եւ աջ սրունքի կոտրվածք ունի, իսկ մեքենայի մյուս ուղեւորը՝ Արթուր Բաղդասարյանը, կրծքավանդակի ծանր վնասվածք: Ինչ վերաբերվում է Արմավիրի քաղաքապետ Ռուբեն Խլղաթյանին, ունի գլխուղեղի սալջարդ եւ արյունազեղում: Ըստ վերակենդանացման բաժանմունքի վարիչ Արմեն Մուրադյանի, առայժմ վաղ է նրա ստացած վնասվածքների վտանգավորության մասին խոսելը:
«Արյունազեղումը լուրջ բան է, բայց այն վիճակում չէ, որ ասենք՝ վտանգավոր է, աջ դաստակի վնասվածք էլ ունի, ինչպես նաեւ գլխուղեղի սալջարդ»,- նշել է նա:
«Էրեբունի» ԲԿ փոխտնօրեն Միքայել Մանուկյանն էլ լրագրողներին տեղեկացրել է, որ Արմավիրի քաղաքապետին պատրաստում են վիրահատության. այսօր կվիրահատեն նրա 5-րդ մատի կոտրվածքը:
Ըստ news.am-ի , 3 վիրավորներն էլ այս պահին վերակենդանացման բաժանմունքում են:
Հիշեցնենք, որ դեպքը ըստ Արտակարգ իրավիճակների նախարարության տեղի է ունեցել հուլիսի 22-ին առավոտյան ժամը 06.30-ին սահմաններում ԼՂՀ-ի Քաշաթաղի շրջանի Վաղազին գյուղում. «Տոյոտա պրադո» մակնիշի 71OM100 պետհամարանիշի ավտոմեքենան պայթել է ականապատ տարածքում, ինչից վարորդը տեղում զոհվել է, իսկ ուղևորներ Ռուբեն Խլղաթյանը, Ա. Բ.-ը և Գ. Ա.-ը հոսպիտալացվել են բժշկական կենտրոն, այնուհետեւ ինքնաթիռով տեղափոխվել Երևանի «Էրեբունի» բժշկական կենտրոն: