Ալաշկերտցի Լուսինե Մկրտչյանը ուսուցչուհի է: Ամեն օր, օրը երկու անգամ ստիպված է գյուղի մի ծայրից մյուսն անցնել աշխատանքի հասնելու համար: Լուսինեն իր գյուղի զարգացման ծրագրին ծանոթ չէ, երբևէ չի լսել, որ գյուղապետը Քառամյա ծրագրով հանդես գա, բայց մի բան հաստատ գիտի՝ Ալաշկերտի ամենամեծ խնդիրը ճանապարհների անմխիթար վիճակն է, անձրևային օրերին քայլելն այլևս անհնարին է դառնում:
Գյուղի մշակույթի տունն անհիշելի ժամանակներից չի գործում, մշակույթի տան միայն պատերն են կանգնած, վերանորոգման մասին Լուսինեն երբևէ չի լսել, մշակույթի տունը նրա մանկական հաճելի հիշողություններում է մնացել:
Ալաշկերտի գյուղապետ Կարեն Հովհաննիսյանը մշակույթի տան վերանորոգումը կարևորում է, բայց ասում է ավելի առաջնահերթ անելիքներ ունի:
Հովհաննիսյանը հին մանկապարտեզի մասին լուսանկարներն ու արձանագրություններն է առանձնացնում, ասում է սկզբում որոշել էին գործող մանկապարտեզի շենքը վերանորոգել, մասնագետները ուսումնասիրել էին ու պարզել՝ շենքը վթարային է, վերակառուցման ենթակա չէ:
198 մլն դրամ արժողությամբ նոր մանկապարտեզ կկառուցվի Ալաշկերտում: Գյուղապետը չի առանձնացնում, կարևոր չէ դա քառամյա ծրագրո՞վ է, թե՞ ոչ, կարևորը գյուղի համար անհրաժեշտ անելիք է և գյուղապետարանն էլ իր ներդրումն ունի:
Գյուղապետի համար գյուղի զարգացման համար կամ քառամյա ծրագրով նախատեսված անելիքներից է ճանապարհների ասֆալտապատումը: Ճիշտ է, ըստ Հովհաննիսյանի, դա համայնքի բյուջեով կատարելն անհնար է, բայց պետական միջոցներով պետք է որ իրականացվի, երբ՞, չգիտի:
Քառամյա ծրագրով, ըստ գյուղապետի, իրականացվել է փողոցների լուսավորության հարցը: Ըստ Հովհաննիսյանի, ցերեկային լուսավորություն է անցկացվել գյուղի մոտ 2,5 կմ հատվածում: Ասում է բյուջեն փոքր է, մեծ գործեր անելն՝ անհնար: Ակնալիճի գյուղապետը հակառակն էր մտածում՝ դանդաղ, բայց թեկուզ փոքր բյուջեով կարելի է գյուղում աշխատանքներ կատարել: