Մայիսի 8-ին Արմավիրի ԲԿ ինֆեկցիոն բաժանմունք են դիմել Ալաշկերտի 3 երեխա, որոնց մոտ նկատվել է նույն ախտանիշները: Հաջորդ օրը նույն գյուղից, նույն ախտանիշներով ևս 3 երեխա է ընդունվել ստացիոնար բուժման: Ինֆեկցիոն բաժանմունքի վարիչ Աննա Պետրոսյանից տեղեկանում ենք, որ երեխաները 2-5 տարեկան են, հիվանդանոց են ընդունվել աղիքային ինֆեկցիայի ախտանիշով՝ արտահայտված լուծ, փսխում, բարձր ջերմություն գանգատներով: Ըստ Պետրոսյանի, լաբորատոր արդյունքներով երեխաների մոտ ախտորոշվել է սուր աղիքային ինֆեկցիա:
Մայիսի 11-ին երեխաներից 5-ը դուրս են գրվել հիվանդանոցից, սակայն նույն օրը Ալաշկերտից ևս 5 երեխա նույն ախտանիշով հոսպիտալացվել են: Նրանց վիճակը գնահատվում է կայուն դրական դինամիկայով, երեքը դուրս կգրվեն այսօր, մյուս երեքը կշարունակեն ստացիոնար բուժումը: Բ/կ դիմող երեխաների մեծ մասը գյուղի մանկապարտեզի սաներ են: Ինֆեկցիոն բաժանմունքի վարիչի կարծիքով, աղիքային հիվանդությունը կապված չի կարող լինել մանկապարտեզում օգտագործված սննդամթերքի հետ, քանի որ նրանցից յուրաքանչյուրը տարբեր կերակուրներ է օգտագործել այդ օրը և գանգատներ ունեցող ոչ բոլոր երեխաներն են մանկապարտեզ հաճախում:
Ծնողները համակարծիք են բժշկի հետ, որ ինֆեկցիան երեխաներին կարող էր փոխանցվել մանկապարտեզում շփման, այլ ոչ թե սննդի միջոցով:
Ալաշկերտի գյուղապետ Կարեն Հովհաննիսյանը համոզված է, որ թունավորման պատճառը մանկապարտեզի սնունդը չէր կարող լինել: Նրա կարծիքով, ինֆեկցիան որևէ մեկի միջոցով մտել է մանկապարտեզ:
Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը ինֆեկցիայի տարածումը կանխելու նպատակով արդեն երկրորդ օրն է Ալաշկերտում բակային շրջայցեր է իրականացնում: Մանկապարտեզի շենքը ևս ենթարկվել է հետազոտության: Կատարվել է ախտահանման աշխատանքներ:
Մանկապարտեզի տնօրեն Լաուրա Ասատրյանն առաջիններից էր, ով հայտնաբերել էր երեխաների մոտ հիվանդության ախտանիշները և դիմել բժշկին:
Ասատրյանին հանգստացրել է այն հանգամանքը, երբ լաբորատոր արդյունքները ցույց են տվել, որ երեխաների թունավորումը կապված չէ մանկապարտեզում ստացած սննդի հետ:
Հետազոտության վերջնական արդյունքներով պարզ կդառնա, թե որքանով առնչություն ունի մանկապարտեզի սանիտարական վիճակը ինֆեկցիայի տարածման հետ: Ասատրյանը վստահեցնում է՝ չնայած մանկապարտեզի շենքը հին է, բայց մաքրությունը պահպանված է:
Ինֆեկցիայի տարածումը կանխելու նպատակով այսօրվանից փակվեց Ալաշկերտի մանկապարտեզը: Կբացվի, երբ հետազոտությունների վերջնական արդյունքները պարզ կլինեն, իսկ ինֆեկցիան վերացած կլինի: