Մշակույթ/Սպորտ

ՔՐԻՍՏՈՍ ՀԱՐՅԱՎ Ի ՄԵՌԵԼՈՑ, ՕՐՀՆՅԱԼ Է ՀԱՐՈՒԹՅՈՒՆԸ ՔՐԻՍՏՈՍԻ

30 մարտ, 2013

  • Нравится

Հիսուս Քրիստոսի հրաշափառ հարությունը եկեղեցու մեծագույն տոներից է: Աստծո որդու՝ խաչի վրա մահվամբ և հարությամբ մարդը վերստին հավիտենական կյանք ունենալու իր կոչմանն արժանացավ: Հիսուս Քրիստոսի խաչելությունից հետո՝ երեկոյան, նրա մարմինն իջեցրին խաչից և դրեցին վիմափոր գերեզմանի մեջ: Երեք օր հետո՝ կիրակի առավոտյան, յուղաբեր կանայք՝ Մարիամ Մագդաղենացին, Հակոբի մայր Մարիամը և Սողոմեն, գնացին գերեզմանը խնկարկելու, բայց զարմանքով տեսան, որ քարայրի մուտքից քարը հեռացված է, իսկ գերեզմանը՝ թափուր: Հիսուս Քրիստոսի հարության լուրը կանայք ավետում են առաքյալներին, որից հետո Հիսուսը երևում է նրանց: Հիսուս Քրիստոսի հարության ավետիսը նույն հուսադրիչ և կենսատու լուրն է, որ տարածվում է մինչև այսօր աշխարհի չորս կողմերում: Սուրբ հարության տոնը հայերիս մեջ կոչվում է նաև Զատիկ: Զատիկ նշանակում է զատում, բաժանում, հեռացում մեղքերից: Աստվածորդին մեր մեղքերի համար մեռավ և Իր սուրբ արյունով սրբեց մեզ մեղքերից, որպեսզի Նրա անունով հավիտենական կյանք ունենանք: Քրիստոսի հարությունը դարձավ քրիստոնեական հավատքի և վարդապետության հիմքը: Ավանդույթի համաձայն Մարիամ Մագդաղենացին մեկնում է Հռոմ՝ Ավետարանը քարոզելու: Նա ներկայանում է Տիբերիոս կայսրին, վկայում իր քրիստոնեական հավատը և կայսերին է նվիրում կարմիր ներկած մի ձու՝ ողջունելով. «Քրիստոս հարություն առավ մեռելներից»: Զատկի տոնին հավատացյալները ձու են ներկում: Ձուն համարվում է հարության և նոր կյանքի սկզբնավորման խորհրդանիշ, իսկ կարմիր գույնը խորհրդանշում է Խաչյալ Հիսուսի կենդանարար արյունը, որ թափվեց մեր փրկության համար, և մենք, կարմիր ձուն մեր ձեռքերի մեջ առնելով, հռչակում ենք մեր փրկությունը: