Պատահարներ

Փոքրիկ Սուսաննան չի դադարում սպասել մորը

19 հունվար, 2016

  • Нравится

5-ամյա Սուսաննան օրեր հետո միայն կիմանա, որ իր մայրիկն այլևս չի վերադառնա: Փոքրիկը սպասում է, որ մայրն իր նորածին եղբոր հետ մի քանի օրից տուն է գալու: Սուսաննան շարունակում է մայրիկի ապաքինման համար ամեն օր մոմ վառել:

Արաքսյա Դանիելյանը՝ Սուսաննայի մայրը, 2015թ. դեկտեմբերի 26-ին, երբ գտնվում էր 28-րդ շաբաթական հղիության փուլում, օրվա երկրորդ կեսից սկսում է իրեն վատ զգալ, այնուհետև բարձրանում է ջերմությունը: Քույրը՝ Քրիստինեն, տեսնելով, որ Արաքսյայի ջերմությունը չի իջնում, երեկոյան ամուսնու հետ քրոջը տեղափոխում է Արմավիրի ԲԿ: Արաքսիայի գանգատներից Քրիստինեն ենթադրել է, որ հնարավոր է խնդիրը թոքերի շրջանում լինի, ինչը ստուգելով, հերթապահ բժիշկը հերքել էր և խորհուրդ էր տվել հետագա զննություն անցնելու նպատակով հիվանդին տեղափոխել ծննդատուն, որտեղ էլ Արաքսյան մնացել էր մինչև դեկտեմբերի 28-ը:

Արաքսյայի ամուսինը՝ Արցախ Քոչարյանը, կնոջ մահվան մեջ մեղադրում է Արմավիրի բժշկական կենտրոնի թերապևտիկ բաժանմունքի վարիչ Անդրանիկ Պապոյանին: Արցախի պնդմամբ, եթե ռենտգեն հետազոտությունը ժամանակին կատարվեր, ամեն ինչ այլ կերպ կընթանար:

Դեկտեմբերի 28-ին Արաքսյային Արցախն իր մեքենայով տեղափոխում է Երևան,  հանրապետական հիվանդանոց, որտեղից էլ երկու օր անց՝ դեկտեմբերի 31-ին տեղափոխվում են Սուրբ Գրիգոր Լուսավորիչ ԲԿ: Այստեղ Արաքսյայի վիճակը ծայրահեղ ծանր է գնահատվում: Ըստ բժիշկների, անհրաժեշտություն է առաջանում կեսարյան հատման միջոցով ծննդալուծել Արաքսյային, որը և կատարվում է: Արցախն առաջին հերթին կնոջ կյանքը փրկել է խնդրում բժիշկներից:

Վիրահատությունից հետո 13 օր Արաքսյաին չեն անջատել արհեստական շնչառական ապարատից: Հունվարի 13-ին երկկողմանի միաձույլ բրոնխոպնևմոնիայի հետևանոքով նրա  մոտ առաջանում է բազմաօրգանային անբավարարություն և գրանցվում Արաքսյայի մահը:

Արաքսյայի հարազատների հետ համամիտ չեն Արմավիրի ԲԿ բժիշկները: Անդրանիկ Պապոյանը պնդում է, որ չնայած ինքը ստուգել է Արաքսյայի շնչառությունը և կասկածելի ոչինչ չի նկատել, սակայն նշանակումից առաջ հանձնարարել է ռենտգեն հետազոտության ենթարկել հղիին:

Ծննդատանը Արաքսյային ընդունել է հերթապահ մանկաբարձ-գինեկոլոգ Բելլա Կարապետյանը: Վերջինս չի հերքում՝ Պապոյանի կողմից նման ցուցում ստացել է:

Ո՞վ և ո՞րտեղ է թերացել իր պարտականությունների մեջ, կպարզի ոստիկանությունը: Արցախ Քոչարյանը կնոջ մահվան համար մեղադրում է Անդրանիկ Պապոյանին, որի համար էլ նախօրեին դիմում-բողոք է ներկայացրել Ոստիկանության Արմավիրի բաժանմունք:

Ինչ վերաբերում է նորածին տղային, ում անունը Ռուբեն են անվանել Արաքսյայի վերջին  խնդրանքով, որը գրել էր անձեռոցիկի վրա, շարունակում է մնալ բժիշկների հսկողության տակ: