Տնտեսություն

ՑՐՏԱՀԱՐՈՒԹՅԱՆ ԳԻՇԵՐԸ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԸ ԿԼԻՆԻ ԱՅԳԵՏԵՐԵՐԻ ԿՈՂՔԻՆ

29 մարտ, 2014

  • Нравится

Արտակարգ իրավիճակների նախարարության «Հայհիդրոմետ» ծառայության կանխատեսումներով մարտի 30-ի լույս 31-ի գիշերը Արարատյան դաշտում սպասվում է ջերմաստիճանի անկում, ջերմաստիճանը օդում կիջնի մինչև -2 աստիճան, իսկ հողի մակերևույթին՝ մինչև -5 աստիճան:
Գյուղացիներն արդեն իսկ նախապատրաստական աշխատանքներ են կատարում ցրտահարության դեմ պայքարելու համար: Այգիները պատել են վառելիքի կույտերով, ջերմատներում կրկնապատկել թաղանթ կամ ջեռուցման հնարավորություն են ստեղծել:
Գյուղացիները իրենց փորձով համոզվել են, որ ցրտահարության դեմ պայքարի արդյունավետ մեթոդ է նաև այգիների ոռոգումը: Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանը վստահեցնում է՝ այսօրվանից ոռոգման ջուրը բաց կթողնվի, այգիները ոռոգելու լիարժեք հնարավորություն կտրվի: Ցրտահարության դեմ պայքարի նախապատրաստական աշխատանքներին ծանոթանալու նպատակով Արմավիրի մարզում էր Գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը: Նախարարը նույնպես խորհուրդներ տվեց գյուղացիներին և նշեց, որ ցրտահարության հիմնական վտանգը կարող է դիտվել 30-ի լույս 31-ի գիշերը, ժամը 03:00-ից 07:00-ն ընկած ժամանակահատվածում, ուստի հենց այդ ժամերին պետք է արթուն մնալ և հետևողական լինել, որպեսզի մասսայական ծխահարում իրականացնել: Սերգո Կարապետյանը համոզված է՝ եթե ծխատար ամպը հաջողվի ստեղծել և այգիներում առատ ոռոգում իրականացնել, հավանական ցրտահարությունից վնասները նվազագույնի կարելի է հասցնել: Նախարարը գյուղապետերին ևս հորդորում է հետևողական և գյուղացու կողքին լինել: Սերգո Կարապետյանը վստահեցնում է՝ ինքն էլ չի քնելու ցրտահարության գիշերը և մասնագետների հետ շրջելու է համայնքներով, որպեսզի անհրաժեշտության դեպքում այգետերերին տեղում խորհրդատվություն ապահովի: Ըստ նախարարի, առավել ռիսկային են ծիրանի և վաղահաս խաղողի այգիները: Ծիրանը ծաղկել է, խաղողի վաղահաս տեսակը՝ փնթել: Գյուղատնտեսներն ասում են, որ գյուղատնտեսական տարին այս տարի մոտ 20 օր առաջ է ընկել: