Հասարակություն

Ցեղասպանության 100-ամյակի միջոցառումները Ստամբուլում կսկսվեն ապրիլի 22-ից

22 ապրիլ, 2015

  • Нравится

Ապրիլի 22-ից Ստամբուլում կսկսվեն Ցեղասպանության 100-ամյակի միջոցառումները: Հիշատակի արարողությունները հիմնականում կանցկացվեն Ստամբուլի Թաքսիմ հրապարակում: Հայերը երթով հրապարակ կգան ցեղասպանությունը հաստատող լուսանկարներով, գրություններով, իսկ ավելի ուշ՝ ժամը 19:15-ին տեղի կունենա մոմավառություն: 19:15-ը պատահական չի ընտրվել, ժամը խորհրդանշում է Հայոց ցեղասպանության տարեթիվը: Պոլսո հայոց պատրիարքի փոխանորդ Արամ Աթեշյանից տեղեկանում ենք, որ ապրիլի 24-ին պատրիարքարանը նույնպես հյուրեր կընդունի: Այստեղ կգան տարբեր երկրների դեսպաններ, այլ եկեղեցիների կրոնապետեր: Առավոտյան Պոլսո հայոց պատրիարքարանը պատարագ կմատուցի՝ միացյալ 125 հոգանոց երգչախմբի մասնակցությամբ: Չնայած Աթեշյանը չցանկացավ խոսել ցեղասպանության մասին, սակայն նկատեց, որ Թուրքիայի նախորդ կառավարությունը թույլ չէր տալիս ոչ ոքի արտասանել «ցեղասպանություն» բառը, նույնիսկ պատիժ էր սահմանել դրա համար:
Հիմա ամեն մարդ կարող է ցեղասպանության մասին ազատ արտահայտվել այստեղ, և խոսքը ոչ միայն թուրքերի ու քրդերի, այլև հայերի մասին է,- ասում է Աթեշյանը: Պատրիարքի փոխանորդի խոսքով, դա վկայում է Թուքիայում ազատության մասին: Հարցին, արդյո՞ք Թուրքիայի կառավարությունը կընդունի ցեղասպանությունը, Աթեշյանը պատասխանեց, որ ինքն անձամբ չի խառնվում ցեղասպանությանը վերաբերող հարցերին և գտնում է, որ դա կառավարության խնդիրն է: Ոչ մի տեսակետ, ոչ մի կարծիք չեմ արտահայտելու և ցեղասպանությանը վերաբերող ոչ մի հարցի չեմ պատասխանելու,- ասաց Պոլսո Հայոց պատրիարքի փոխանորդ Արամ Աթեշյանը: