Մշակույթ/Սպորտ

Ցեղասպանության 100-ամյակին 100 համերգ Հայաստանի համար

12 հունվար, 2015

  • Нравится

Համբուրգում բնակվող, արմավիրցի Գայանե Մացակյանի «Գայանե» երգչախումբը «Ցեղասպանության 100-ամյակին 100 համերգ Հայաստանի համար» խորագրով հանդես կգա աշխարհի տարբեր երկրներում: Երգչախմբի 22 երգիչները գերմանացիներ են, ովքեր երգում են հայերեն և հիմնականում կատարում Կոմիտասի երգերը: 100 համերգ Հայաստանի համար ծրագրի մեկնարկը «Գայանե» երգչախումբը տվել է Իտալիայում: Գաղափարը, ըստ երգչախմբի ղեկավարի, Ադամ Բառոյինն է, ով նախաձեռնել և կազմակերպում է տարբեր երկրներում «Գայանե» երգչախմբի ելույթները: Համերգային հաջորդ ծրագրով «Գայանե»-ն հանդես կգա Փարիզում, հանդիսատեսի պահանջով ևս մեկ անգամ կհյուրընկալվի Իտալիայում, իսկ աշնանը հանդես կգա Հայաստանի տարբեր բեմերում: «Գայանե» երգչախմբի ղեկավար Գայանե Մացակյանը վստահեցնում է՝ սա ևս մեկ միջոց է աշխարհին ներկայացնելու ճշմարտությունը և ստիպել Թուրքիային ճանաչել հայոց ցեղասպանությունը: Գայանե Մացակյանի խոսքով, համերգների միջոցով նաև հանդուրժողականության մթնոլորտ են ձևավորում: Ամեն տարի, ապրիլի 24-ին երգչախումբը կոմիտասյան երգերով հարգանքի տուրք է մատուցում ցեղասպանության զոհերի հիշատակին: Ըստ երգչախմբի ղեկավարի, հայկական եկեղեցում իրենց լսելու են գալիս ինչպես տեղի հայերը, գերմանացիներն ու տարբեր ազգի ներկայացուցիչներ, այնպես էլ թուրքերը:
Գայանե Մացակյանի փոխանցմամբ, ցեղասպանության 100-ամյակին երգչախումբն անխախտ կթողնի իր մոտեցումը և ապրիլի 24-ին կրկին ելույթ կունենա Համբուրգի հայկական եկեղեցում: Գայանե Մացակյանը, արդեն 21 տարի է, բնակվում է Համբուրգում: Երգչախումբը Սուրբ Գայանե եկեղեցու անունով է կոչվում: Սկզբում Գայանե երգչախմբում ընդգրկվա են եղել նաև թուրք կատարողներ, ովքեր ըստ խմբի ղեկավարի մեծ հաճույքով են հանդես եկել հայկական կատարումներով, այնուհետև ինչ–ինչ պատճառներով նրանք հեռացել են երգչախմբից, սակայն կապը պահպանում են Գայանե Մացակյանի հետ:

Դիտումներ՝ 2846