Մշակույթ/Սպորտ

ՏՈԼՄԱՅԻ 3-ՐԴ ՀԱՄԱՀԱՅԿԱԿԱՆ ՓԱՌԱՏՈՆ

11 հուլիս, 2013

  • Нравится

Հուլիսի 10-ին Սարդարապատի հուշահամալիրում կայացավ տոլմայի 3-րդ համահայկական փառատոնը: Փառատոնն անցկացվում է «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի շրջանակներում: Փառատոնը նախաձեռնել է «Հայ խոհարարական ավանդույթների զարգացման և պահպանման» հասարակական կազմակերպությունը: Միջոցառման անմիջական աջակիցն է Արմավիրի մարզպետարանը: Մրցույթին մասնակցում էին մարզերից և մայրաքաղաքից ժամանած 24 կազմակերպություններ: «Հայ խոհարարական ավանդույթների զարգացման և պահպանման» ՀԿ նախագահ Սեդրակ Մամուլյանը նշեց, որ փառատոնը հետաքրքրական դարձնելու համար ամեն տարի մրցութային ծրագրում նոր անվանակարգեր են հայտնվում և այս տարի հայտարարվեց «խաղողի տերևով պատրաստված ամենաերկար տոլման» խորագրով մրցույթը: «Կամուրջ» խորովածանոցի հմուտ խոհարարներն այս տարի հրաժարվեցին տոլմայի ավանդական եղանակներից և ներկաներին զարմացրեցին իրենց խոհանոցի նորարարությամբ: Հավի, հորթի, խոզի և գառան մսով ու թարմ կաղամբով պատրաստված տոլման հյուրերը շատ հավանեցին: Այս տարի հյուրասիրությունն այնքան էլ շռայլ չէր տաղավարների մոտ, տոլման հիմնականում վաճառվում էր: Տոլմաների համային հատուկ առանձնահատկությունը հաջողվել էր պահպանել յուրաքանչյուր տաղավարի խոհարարների մոտ: Փառատոնը եզրափակվեց մրցույթով: Բացի «ամենաերկար տոլմա»-ն մրցույթային անվանակարգերում ներկայացված էր նաև «լավագույն համ», «լավագույն տեսք», «լավագույն մտահղացում», ինչպես նաև «լավագույն տաղավար», «լավագույն սկսնակ խոհարար» և «հանդիսատեսի համակրանք» խորագրերը: