ՏԻՄ բարեփոխումներ

Տարվա կտրվածով ավագանու անդամներին տալիս ենք նիստերի օրերն ու օրակարգը

25 սեպտեմբեր, 2017

  • Нравится

2017թ. հունվարի 1-ից ուժի մեջ մտած ՏԻՄ բարեփոխված օրենքի մասին Քարակերտի գյուղապետը տեղյակ է, բայց օրենքի տարրին հետևելու ժամանակ դեռ չի եղել: Զբաղվածությունը մեծ էր, գյուղատնտեսական սեզոն էր և, բացի դա, գյուղացի-գյուղապետ կապն ամուր է և փոփոխությունների կարիք առանձնապես չի նկատվում,- ասում է Քարակերտի գյուղապետ Մհեր Հարթենյանը:
Քարակերտ համայնքն ավելի քան 4400 բնակիչ ունի, ավագանու 9 անդամ:
Նշենք, որ նոր օրենքը, կախված բնակչության թվից, նոր պահանջներ է ներկայացնում համայնքի գործադիր և օրենսդիր մարմինների նկատմամբ: Քարակերտում արդեն իսկ պետք է գործեր համայնքի համացանցային պաշտոնական կայքը, ձևավորված լիներ ավագանիում հանձնաժողովներ, համայնքի տարբեր հատվածներում փակցված լիներ հայտարարությունների վահանակներ, որտեղից քարակերտցիները կկարողանային տեղեկանալ ավագանու նիստերի կայացման օրվա, ժամի, օրակարգի և որոշումների մասին: Նշված և ոչ մի կետ այստեղ չի գործում: Համայնքի բնակիչները ավագանու անդամների մի քանի անուններ գիտեն միայն, ուրիշ ոչինչ:
Քարակերտի գյուղապետն ասում է, որ օրենքով սահմանված կարգով ավագանու նիստերը կայանում են, երբեմն նաև արտահերթ նիստեր են լինում: Ավագանու անդամները տարվա կտրվածքով ստանում են նիստերի օրերն ու օրակարգը, իսկ եթե արտահերթ նիստ պետք է հրավիրվի, ավանդական ձևն է կիրառվում:
Քարակերտի համայնքապետարանում ավագանու համար սենյակ կա, միայն թե չի օգտագործվում:
Հարթենյանն ասում է, որ գյուղացիները կարող են տեղեկանալ նիստերի կայացման մասին, ծանոթանալ ավագանու որոշումներին, գյուղապետարանի 1-ին հարկում հայտարարությունների վահանակ կա:
Հայտարարությունների վահանակը դատարկ է: Գյուղապետը վստահ է՝ դեռ կհասցնեն փակցնել, ինչպես որ կհասցնեն ավագանիում հանձնաժողովներ ձևավորել: Հիմա համայնքային կայքը գործարկելու աշխատանքներ են տանում, ասում է հանձնարարական են ստացել, պետք է փորձեն նորություններ տեղադրել:

Դիտումներ՝ 221